Անցյալ տարի Վիեննայում ՔՀԻ նախագահ Արտակ Կիրակոսյանը աշխատանքային հանդիպում ունեցավ ավստրիացի հայտնի կոնֆլիկտաբան, Տրիգոն ինստիտուտի հիմնադիր Ֆրիդրիխ Գլազլի հետ։ Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն թարգմանել Ֆ.Գլազլի "Ինքնօգնություն կոնֆլիկտներում" գիրքը հայերեն և կազմակերպել դասընթացներ՝ կոնֆլիկտի հաղթահարման վերաբերյալ։ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ եւ "Էլեկտրոնային հասարակության զարգացումը Հարավային Կովկասում" ծրագրի հետ համատեղ մշակվեց "Ինքնօգնություն կոնֆլիկտներում" գրքի վրա հիմնված էլեկտրոնային դասընթացը (հայերեն լեզվով)։
Սեպտեմբերի 19–ից սկսվեց "Ինքնօգնություն կոնֆլիկտներում" դասընթացների շարքը, որի մասնակիցները տարբեր տարիքի են և ունեն մասնագիտական տարբեր ուղղվածություն։ Սեմինարները ավարտվեց դեկտեմբերի 5-ին։
Սեպտեմբերի 19 – դաս I
Թեմա՝ "Կոնֆլիկտներ հաղթահարելու ունակություն" և "կոնֆլիկտակայունություն"
Առաջին դասի ընթացքում խոսվեց այն մասին, թե ինչ ենք հասկանում կոնֆլիկտ ասելով, և այն երկու ծայրահեղությունների մասին, որ անվանում ենք "Կոնֆլիկտից խուսափում" կամ "կոնֆլիկտայնություն"։ Ինչպես նաև, կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց վարքի մասին։
2 խաղ քարտերով։ Առաջինը թիմային էր և վերաբերվում էր բանակցություններին և փոխշահավետ համագործակցությանը։ Խաղի նպատակն էր հավաքել առավելագույն միավորներ։
Երկրորդ խաղն ավելի անհատական էր և ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է խաղալ և որքանով են կանոնները պարզ, երբ մասնակիցները խաղում են առանց խոսելու։ Ինչպես նաև, ինչպես են մասնակիցները փոխում և առաջ քաշում իրենց կանոնները՝ հաղթանակի հասնելու համար, երբ խաղի կանոնները մինչև վերջ պարզաբանված չեն։ Քննարկում և հետևություններ խաղերի վերաբերյալ։
Սեպտեմբերի 26 – դաս II
Թեմա՝ Հաստատակամության զարգացում
Քննարկվեց նախորդ դասի նյութը։
Ներկայացվեց տվյալ դասի թեման, որը վերաբերվում էր սոցիալական կոնֆլիկտներին, տարաձայնություններին, և ինչպիսի փոփոխություններ կարող են լինել անձի ընկալման, գաղափարների, մտածողության, զգացմունքների, կամքի և արտաքին վարքի մեջ՝ կոնֆլիկտի առկայության դեպքում։ Այս թեմայի շրջանակներում խոսվում է նաև կազմակերպության կոնֆլիկտակայունության մասին, և առաջարկվում են որոշ մեթոդներ, որոնք թույլ են տալիս բացահայտել լարվածության և բախումների առաջին հայտանիշները և կառավարել դրանք։
Եղավ 1 դերային խաղ, որը կոչվում էր "նրբանկատ առճակատման արվեստ"։ Խաղը 3 փուլից էր և յուրաքանչյուր փուլում ցույց էր տալիս կոնֆլիկտային իրավիճակում տարբեր մոտեցումներ՝ 1. Ոչնչացնող առճակատում (ագրեսիվ պահվածք), 2. Խուսափողական զրույց, 3. Հավասարակշռված, նրբանկատ առճակատում (հավասարակշռություն ոչնչացնողի և խուսափողական վարքի միջև)։
Քննարկում և հետևություններ խաղի վերաբերյալ։
Հոկտեմբերի 03 – դաս III
Թեմա՝ Իմ անձը որպես սոցիալական կոնֆլիկտի աղբյուր
Քննարկվեց նախորդ դասի նյութը և անցկացված դերային խաղ–վարժության երեք փուլերը։
Ներկայացվեց նոր նյութը, որում նկարագրվում է մարդու եռանդամ էությունը` մարմին, հոգի և ոգի։
Եղավ ևս մեկ խաղ։ Մասնակիցները բաժանվեցին զույգերի և ընտրելով որևէ պարզ թեմա, նրանք պետք է ներկայացնեին իրենց փաստարկները՝ խոսելով զուգահեռաբար։ Խոսողները պետք է նաև փորձեին լսել հակառակ կողմի ներկայացրած փաստարկները։ Քննարկում և եզրակացություններ խաղի վերաբերյալ։
Հոկտեմբերի 10 – դաս IV
Թեմա՝ Միջանձնային կոնֆլիկտի հիմնական մի քանի ձևերը
Ուսուցողական խաղ ստերեոտիպերի վերաբերյալ։ Այս խաղը բացահայտում է մարդկանց վերաբերմունքը, երբ հանկարծ նրանց առջև հայտնվում է մեկը, որի հանդեպ կա տարածված կարծրատիպ։ Խաղի ընթացքում քննարկվեց նախորդ դասի նյութը։ Քննարկում և հետևություններ խաղի վերաբերյալ։
Ներկայացվեց տվյալ դասի նյութը, որում ներկայացված է ինքնառերեսման և ինքնազարգացման մի քանի ձևեր, այսինքն՝ որքանով է մարդ ճանաչում իր մեջ եղած իդեալին և բացասական կերպարին և ինչ ուղղությամբ է զարգացնում իր անհատականությունը։
Հոկտեմբերի 17 – դաս V
Թեմա՝ Ինչպե՞ս կարող եմ աշխատել ինքս ինձ վրա կոնֆլիկտային իրավիճակում
Նախորդ դասի քննարկում։ Մասնակիցներից յուրաքանչյուրը փորձում էր հասկանալ, թե ինչպիսինն է իր անձը՝ համաձայն նախորդ թեմայում բերված օրինակների և սխեմայի։ Շատերի համար դժվար էր կողմնորոշվել և տալ միանշանակ պատասխան, քանի որ կյանքի տարբեր շրջաններում և իրավիճակներում նրանց դրսևորած վարքը համապատասխանել է եղած օրինակներից մի քանիսին։ Այնուհետև մասնակիցները բաժանվեցին երկու խմբի՝ կատարելու նույն վարժությունը, բայց արդեն քննարկելով իրենց կազմակերպության օրինակը։
Հոկտեմբերի 24 – դաս VI
Թեմա՝ Ինչպես են ընթանում կոնֆլիկտները
Մասնակիցները բաժանվեցին երկու խմբի՝ կատարելու նախորդ թեմայում բերված մի վարժություն։ Նրանք մի շարք հարցերին պատասխանելու միջոցով պետք է փորձեին իրենց կազմակերպությունը նկարագրել որպես անձ։ Հարցերը մոտավորապես այսպիսին են. ի՞նչ սեռի է պատկանում, քանի՞ տարեկան է, որտե՞ղ է ապրում, ինչպիսի՞ նախասիրություններ ունի և այլն։ Այս ամենից հետո նրանք պետք է փորձեին հասկանալ, թե ինչպիսի փոփոխություններ են անհրաժեշտ այդ "անձին"՝ կյանքն ավելի հետաքրքիր և բարեկեցիկ դարձնելու համար։
Հոկտեմբերի 30
Հանդիպում Ֆրիդրիխ Գլազլի հետ
Դասախոսության ընթացքում Ֆ.Գլազլը ներկայացրեց կոնֆլիկտի խորացման 9 աստիճանները.
1. Կարծրացում
2. Վեճեր, բանավեճեր
3. Գործողություններ, ոչ թե խոսքեր
4. Կերպարներ և կոալիցիաներ
5. Դեմքի կորուստ
6. Սպառնալիքի ռազմավարություններ
7. Սահմանափակ կործանարար հարվածներ
8. Թշնամու մասնատում
9. Միասին՝ դեպի անդունդ։
Դասախոսության ավարտին հայտնի կոնֆլիկտաբանը պատասխանեց մասնակիցների հարցերին, որոնք վերաբերվում էին ոչ միայն տվյալ թեմային, այլև նախորդ դասերի թեմաներին և ընդհանրապես կոնֆլիկտների հաղթահարմանը։
Նոյեմբերի 02
Հանդիպում Ֆրիդրիխ Գլազլի հետ
Երկրորդ դասախոսության ընթացքո;ւմ Ֆ.Գլազլը խոսեց կոնֆլիկտի հաղթահարման տարբեր մեթոդների մասին։ Նա նաև ներկայացրեց մի քանի վարժություններ, որոնցից մեկը մասնակիցները փորձեցին միասին կատարել։ Այն վերաբերվում էր կոնֆլիկտի խորացման առաձին փուլերին, երբ ընդդիմադիրները՝ միջնորդների օգնությամբ, փորձում են պարզել տարբեր հարցեր՝ ընտրելով մի քանի խնդիրներ, որոնց վերաբերյալ ցանկանում են խոսել և պարզաբանումներ անել։
Նոյեմբերի 07 – դաս VII
Թեմա՝ Ինչպես կարող են խորանալ կոնֆլիկտները
Քննարկում Ֆրիդրիխ Գլազլի անցկացրած դասախոսությունների վերաբերյալ։ Այնուհետև եղավ 1 վարժություն։ Մասնակիցները բաժանվեցին զույգերով և նրանցից յուրաքանչյուրը պետք է 5 րոպե շարունակ իրար ետևից 2 հարց տար, օրինակ՝ ի՞նչ ես մտածում, ի՞նչ ես զգում։
Քննարկում և հետևություններ խաղի վերաբերյալ։
Նոյեմբերի 14 – դաս VIII
Թեմա՝ Ինչպես կարող են խորանալ կոնֆլիկտները
Օրինակ վերցնելով որևէ կոնֆլիկտ՝ մասնակիցները դիտարկեցին այն՝ ըստ խորացման աստիճանների։ Այնուհետև, որպես կոնֆլիկտի օրինակ դիտարկվեց նաև "Շունն ու կատուն" բանաստեղծությունը, որտեղ առավել, քան պարզ երևում են կոնֆլիկտի խորացման հատկապես առաջին աստիճանները։
Քննարկումն այնքան բուռն դարձավ, որ մասնակիցները սկսեցին վերլուծել նաև անձնական և աշխատանքային կոնֆլիկտները։
Նոյեմբերի 28 – դաս IX
Թեմա՝ Ինչպիսի ուժեր են աշխատում կոնֆլիկտի խորացման ժամանակ
Ի՞նչ կարող եմ անել կոնֆլիկտի նշանները նկատելուց անմիջապես հետո
Նորից օրինակ վերցնելով որևէ կոնֆլիկտ՝ մասնակիցները դիտարկեցին դրա խորացմանը և զարգացմանը, կամ հակառակը՝ հաղթահարմանը նպաստող արտաքին գործոնները։
Ներկայացվեցին նոր նյութերը, որոնցում հատկապես կարելի է առանձնացնել "Անցանկալիի կամ "չարժե"–ի արտահայտումը" . սա հատկապես կարող է շատ օգտակար գտնվել վաղ փուլերում լարվածությունը արտահայտելու համար։ "Չարժե"– ները նշանակում են, որ իրադարձությունների որոշակի ընթացքը ցանկալի չէ, որ այն արժեք չի ներկայացնում և հետևաբար պետք է թույլ չտալ, որպեսզի գործը դրան հասնի։
Եղավ նաև 1 խաղ, որի ընթացքում 2 հոգի նստելով դեմ դիմաց՝ նկարելու միջոցով պետք է փորձեին արտահայտել իրենց տրամադրվածությունը և զգացումները։
Հետևություններ խաղի վերաբերյալ։
Դեկտեմբերի 05 – դաս X
Թեմա՝ Ի՞նչ կարող եմ անել ես ինքս խորացման տարբեր աստիճաններում
Ներկայացվեց նոր նյութը, որում նկարագրված են այն կարևորագույն մեթոդները, որ կարող են օգտագործել կոնֆլիկտի մեջ ներքաշված մարդիկ, նույնիսկ այն դեպքում, եթե ոչ մի պրոֆեսիոնալ վերապատրաստում չեն անցել։
Այս դասը վերջինն էր, հետևաբար մասնակիցները որոշեցին խոսել և կիսվել դասընթացի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքներով։ Նրանք փորձեցին նաև միասին պարզաբանումներ անել այն հարցերի վերաբերյալ, որոնք առաջացել էին "Ինքնօգնություն կոնֆլիկտներում" գրքի նյութերի ուսումնասիրման ընթացքում։
Ֆրիդրիխ Գլազլի հետ հանդիպման մասին կարդացեք՝ http://www.csi.am/arm/pages.php?page=events&id=150