Հունվարի 31–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտում կազմակերպվել էր հանդիպում ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ուսանողներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն էր ծանոթանալ Արման Մելիքյանի նախընտրական ծրագրին, մասնավորապես ղարաբաղյան կոնֆլիկտի և արտաքին քաղաքականության վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք Արման Մելիքյանի նախընտրական ծրագիրը.
ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ
Պետության միջազգային կշիռը եւ ներգարավվածության մակարդակն ուղղակիորեն կախված են նրա տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական պոտենցիալից` այլ պետությունների կամ դրանց խմբավորումների համար տվյալ պետության հետ համագործակցությունից բխող օգուտների ծավալից: Սա կառուցողական հիմքի վրա ձեւավորված համագործակցության արդյունք հանդիսացող պետության միջազգային կշիռը բնութագրող պայմանականորեն դրական պոտենցիալն է: Կարող է գոյություն ունենալ նաեւ պետության միջազգային կշիռը բնութագրող պայմանականորեն բացասական պոտենցիալ, որի հիմքում ընկած է քաղաքական կամ ռազմավարական ճանապարհով այլ պետությունների կամ պետությունների խմբերի` իրենց համար փոխշահավետ համագործակցությունը խոչընդոտելու, կանխելու հանգամանքը: Այս պոտենցիալները ՙդրական՚ կամ ՙբացասական՚ որակելը խիստ պայմանական է, քանի որ ժամանակակից աշխարհում խիստ մրցակցություն գոյություն ունի տարբեր պետությունների եւ դրանց խմբերի միջեւ: Հայաստանի Հանրապետությունը հումքի խոշոր արտահանող չէ, այն միջազգային շուկա չի արտահանում նաեւ ժամանակակից առաջադեմ տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, կամ որակյալ ծառայություններ, իսկ ներքին սպառման շուկան էլ շատ փոքրածավալ է, ուստի կարելի է ասել, որ ՀՀ միջազգային կշիռը տնտեսական առումով աննշան է:
ՀՀ միջազգային կշռի քաղաքական բաղադրյալը նույնպես ծանրակշիռ չէ, քանի որ երկրում գործող կառավարման կոռուպցիոն համակարգը թույլ չի տալիս վստահությամբ վերաբերվել մեր պետությանը եւ հիմք է ստեղծում, որ խոշոր միջազգային դերակատարները դիտարկեն Հայաստանը ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես իրենց քաղաքական շահերի տարածաշրջանային կամակատար:
Այլ է ՀՀ միջազգային կշիռը ռազմաքաղաքական բաղադրյալի տեսանկյունից: Այն շատ մեծ է հատկապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի աշխարհաքաղաքական շատ բարձր արժեքի պատճառով: Սա, թերեւս, երկրի միջազգային կշռի պայմանական ՙբացասական՚ պոտենցիալի դեպքն է: Այս որակումը պետք է ընկալել շատ գործնական եւ ռացիոնալ: Աշխարհի բազում պետություններ առհասարակ զուրկ են միջազգային կշիռ ունենալու որեւէ պոտենցիալից: Մեր խնդիրն է օգտվել ՀՀ միջազգային կշռի ռազմաքաղաքական պոտենցիալից, խթանել նաեւ ՀՀ տնտեսական ու քաղաքական բաղադրիչների դրական արագ աճը: Որպեսզի կարողանանք դա իրագործել, պետք է հստակ պատկերացնենք ԼՂ հիմնախնդրի աշխարհաքաղաքական նշանակությունը միջազգային խոշոր եւ ազդեցիկ դերակատարների` Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի շահերի տեսանկյունից:
ԵՎՐԱՄԻՈւԹՅՈւՆ
Եվրամիութան համար օրախնդիր է ցանկացած գնով երաշխավորել Հարավային Կովկասով անցնող հաղորդակցության ուղիների, այդ թվում նավթամուղների ու գազամուղների անխափան աշխատանքը: Քանի լուծում չի ստացել ԼՂ հիմնախնդիրը եւ մեծ է պատերազմի վերսկսման վտանգը, այդ` Ռուսաստանը շրջանցող հաղորդակցության ուղիները չեն կարող լինել վստահելի: Այս իրավիճակի շարունակական պահպանումը կհանգեցնի Եվրամիության` Ռուսաստանից կախվածությանը եւ վերջինիս կողմից վերահսկելի կդարձնի Եվրամիության Հարավ-Արեւելյան Ասիայի աշխատանքի եւ ապրանքների սպառման շուկաների հետ կապ ունենալու համար անհրաժեշտ ցամաքային ուղիները: Այսինքն, Եվրամիությունը կհայտնվի իր տնտեսական զարգացումը եւ միջազգային կապերի հաստատումը սահմանափակող զսպաշապիկի մեջ: Այս վտանգն է ստիպում Եվրամիությանը ԼՂ հիմնախնդրի լուծումները փնտրել ոչ իրավական հարթության վրա` անտեսելով նաեւ ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքներն ու շահերը, ԼՂՀ ժողովրդի անկախ պետություն կառուցելու կամքն ու նպատակը:
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Ակնհայտ է, որ ԱՄՆ այսօր` ի դեմս Եվրամիության, ունի ոչ այնքան դաշնակից, որքան մրցակից` հատկապես տնտեսական ոլորտում: Եթե իրականություն դառնա Եվրամիությունն ու ավելի քան 3 մլրդ բնակիչ ունեցող Հարավ-Արեւելյան Ասիայի տարածաշրջանն իրար կապող ցամաքային ապահով հաղորդակցության միջանցքի գոյությունը, ապա դա ուժեղ հարված կհասցնի ԱՄՆ միջազգային կշռին եւ կվտանգի այդ երկրի նյութական բարեկեցության հետագա աճը: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ չի կարող հանդուրժել սեփական ազդեցության նվազումը Եվրամիությունում եւ վերջինիս` Ռուսաստանից կախվածության վտանգավոր աճը: Այդ իրավիճակից խուսափելու համար ԱՄՆ նախաձեռնել է Եվրամիությանը հումքային ռեսուրսներ մատակարարելու համար անհրաժեշտ մեկ ուղղությամբ (Արեւելք-Արեւմուտք) գործող միջանցքի ստեղծում` հանձինս Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ համանման այլ նախագծերի: Այս մոտեցումը արդյունավետ է բացառապես ԼՂ հիմնախնդրում ստատուս-քվոյի պահպանման դեպքում:
ՌՈւՍԱՍՏԱՆ
Եվրամիության հետ հարաբերություններում գերակա, թելադրող դիրք ձեռք բերելու տեսանկյունից Ռուսաստանի համար կարեւոր է դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ տանող ու ՌԴ-ն շրջանցող հաղորդակցության ուղիների նկատմամբ իր կողմից վերահսկողություն սահմանելը կամ առհասարակ` այդպիսի ուղիների բացակայությունը: Այս տեսանկյունից ԼՂ հարցում առկա ստատուս-քվոյի պահպանումը Ռուսաստանի համար կենսականորեն կարեւոր է:
ԻՆՉ ԱՆԵԼ
Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք է վարի ելնելով վերը ներկայացված իրողություններից, հաշվի առնելով ԼՂ հարցի կապակցությամբ միջազգային հիմնական ու մեր տարածաշրջանում ազդեցություն ունեցող դերակատարների միմյանց հակասող շահերը: Մենք պետք է նաեւ հիշենք, որ առկա ստատուս-քվոն խախտելու ՀՀ իշխանություննե;408;ի փորձը անհաջողության է մատնվել ու առհասարակ հղի է վտանգավոր հետեւանքներով: Պահպանվող ստատուս-քվոյի պայմաններում եւ ՀՀ-ում գործող կառավարման կոռուպցիոն համակարգի վերացման դեպքում Հայաստանը առաջարկելու բան կունենա բոլոր հիմնական դերակատարներին, միեւնույն ժամանակ, իր միջազգային հարաբերությունների հիմքում ունենալով ինչպես սեփական պետության եւ ժողովրդի շահերի հստակ ձեւակերպումը, այնպես էլ այլ երկրների շահերի հարգումը: Ստատուս-քվոյի պահպանման պայմաններում ՀՀ-ն ԼՂ հարցում ազատ է ձեռնակելու երկրի տնտեսական, քաղաքական եւ ռազմական անվտանգությունն ու հետագա զարգացումն ապահովող հետեւյալ առաջնային քայլերը.
դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ադրբեջանահայ փախստականների խնդիրը բանակցային օրակարգում ներառելու առաջարկով,
անիրավազոր ճանաչել 1989թ. ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ի կազմում ներառելու մասին որոշումը,
ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում վերականգնել ԼՂՀ մասնակցությունը,
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով ընթացող բանակցություններին զուգընթաց բանակցություններ սկսել ԼՂՀ-ի հետ վերջինիս անկախությունը ներկա սահմաններում ճանաչելու հարցով,
նույն ձեւաչափով քննարկել նաեւ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ սահմանների ճշգրտման եւ դեմարկացիայի հարցը,
առաջարկել ԼՂՀ-ին որպես ադրբեջանահայ փախստականների կրած նյութական ու բարոյական վնասների մասնակի փոխհատուցում վերջիններիս տրամադրել ազատագրված տարածքները` սեփականության իրավունքով,
նպաստել ազատագրված տարածքների բնակեցմանն ու տնտեսապես շահավետ յուրացմանը,
հանդես գալ Կարսի պայմանագրին նվիրված` այն ստորագրած պետությունների միջազգային համաժողով կազմակերպելու նախաձեռնությամբ:

Հանդիպումը կազմակերպվել էր "Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ռեսուրս կենտրոն" ծրագրի շրջանակներում։