Ապրիլի 9–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտում կազմակերպվել էր քննարկում Ղարաբաղյան և Կիպրոսի կոնֆլիկտների մասին։ Հանդիպման սկզբում ԵՊՀ մագիստրանտ Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց իր թեզը՝ "Միջնորդությունը երկարատև կոնֆլիկտներում.Ղարաբաղյան և Կիպրոսի կոնֆլիկտները" թեմայով։ Ներկայացվեց կոնֆլիկտների ողջ պատմությունը, դրանց լուծման և հաղթահարման նպատակով եղած
միջնորդությունները և դրանց արդյունքներն ու հետևանքները։ Խոսվեց նաև ներկա իրավիճակի և կոնֆլիկտների հաղթահարման հեռանկարների մասին։ Հանդիպմանը ներկա գտնվող երիտասարդները արտահայտում էին տարբեր կարծիքներ։ Քննարկվեց, որպես միջնորդ կողմ, Մինսկի խմբի աշխատանքները, մինչ այժմ բանակցությունների համար առաջարկվող փաթեթները, գերտերությունների շահերը՝ կապված տարածաշրջանի և, ընդհանրապես, միջազգային զարգացումների հետ։ Սակայն, իհարկե, քննարկման ամենաթեժ հատվածը վերաբերվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, և շատ մտահոգիչ է շատերի համար այն փաստը, որ ինֆորմացիոն դաշտում Ադրբեջանն աշխատում է ավելի ակտիվ, և պարբերաբար հնչում են ռազմատենչ պաշտոնական հայտարարություններ։
Հաջողության հասնելու համար կարևոր է նաև այն, որպեսզի իրավիճակը դիտարկվի տարբեր կողմերի տեսանկյուններից և ուսումնասիրել հակառակ կողմի փաստարկները՝ անկախ այն բանից, համապատասխանում են դրանք իրականությանը, թե ոչ։
Հանդիպումը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։