Բաժանորդագրման մասին
կոնֆլիկտների հաղթահարում // Հոկտեմբեր 14, 2008

Կոնֆլիկտների հաղթահարում. հայ–թուրքական հարաբերությունները

Սեպտեմբերի 26–ից մինչև հոկտեմբերի 2–ը, 2008թ., "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվել էր սեմինար–դասընթաց՝ Հակամարտությունների հաղթահարման թեմայով, հայ և թուրք ուսանողների, միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության ոլորտի երիտասարդ մասնագետների մասնակցությամբ։


Հակամարտությունների կարգավորման վերաբերյալ դասընթացի միջոցով, որն իր մեջ ներառում էր նաև ուսուցողական վարժություններ, մասնակիցներն ուսումնասիրեցին կոնֆլիկտների էությունը, խորացման աստիճանները, կարգավորման մեթոդներն՝ ըստ Ֆրիդրիխ Գլազլի տեսության։ Սեմինարի կազմակերպման նպատակն էր նաև քննարկել ներկայումս հայ–թուրքական հարաբերությունները և հեռանկարները։





 

Այսպիսով մասնակիցները հանդիպումներ ունեցան ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ՝ Արման Կիրակոսյանի, "Հայ Դատ" –ի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի, ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի Նորին Մեծության դեսպան՝ Չարլզ Լոնսդեյլի, ՀՀ Ազգային ժողովի "Ժառանգություն" խմբակցության ղեկավար՝ Արմեն Մարտիրոսյանի հետ։ Մասնակցեցին նաև Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված կլոր սեղանին՝ Հայ–թուրքական սահմանի բացման հեռանկարները թեմայով։




Այս ամենից բացի, սեմինարն ուներ նաև հագեցած մշակութային օրակարգ։ Հայկական մշակութային երեկոյի ընթացքում հայ մասնակիցները պատրաստել էին Հովհաննես Թումանյանի "Բարեկենդան" հեքիաթի բեմադրություն, հայկական երաժշտական տարբեր ոճերի վերաբերյալ ներկայացում։ Թերևս երեկոյի հետաքրքիր մասերից մեկն այն էր, երբ բոլոր մասնակիցները միասին երգում էին Կոմիտասի "Հոյ, Նազան իմ" երգը։


Թուրքական մշակութային երեկոյի ընթացքում թուրք մասնակիցները հյուրասիրեցին կերակուրներ, որոնք թուրքերեն լեզվով կոչվում են՝ mercimek k"ftesi, tarhana "orbası, erişte, menemen։ Հյուրասիրությունն ուղեկցվեց երաժշտությամբ և պարով։
Եղել են նաև այցելություններ՝ տարբեր թանգարաններ և մշակութային կոթողներ։


Սակայն ծրագիրն այսքանով չի ավարտվում։ Սեմինարի հայ մասնակիցներից հինգ հոգի կայցելեն Ստամբուլ և Ֆատիհ համալսարանում կմասնակցեն դասախոսությունների։ Ինչպես նաև նախատեսվում է հրատարակել համատեղ ամսագիր, որում կտպագրվեն սեմինարի մասնակիցների հոդվածները։

 

Ծրագիրն իրականացվում է "Քաղաքացիական հասարակության ինստիտուտ" ՀԿ–ի կողմից՝ Ստամբուլի Ֆատիհ և Բիլգի համալսարանների հետ համագործակցությամբ, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն