Նոյեմբերի 6–ին, 2008թ., Քաղաքացիական հասարակության ինստիտուտում կազմակերպվել էր քննարկում՝ Կանանց դերը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման հարցում թեմայի շուրջ։ Քննարկմանը մասնակցում էին Կանանց ռեսուրսային կենտրոնի անդամները՝ Երևանից և Շուշիից։ Մասնակիցների թվում էին նաև այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ։
Հանդիպման ընթացքում Հասմիգ Թաթիոսյանը ներկայացրեց որոշակի տվյալներ, մասնավորապես, հետպատերազմյան շրջանում կանանց վիճակի մասին։ Հիմնական հարցադրումներն էին՝ արդյո՞ք, կարող են կանայք որևէ դեր ունենալ պատերազմի ընթացքում, և ինչպիսի՞ն է կանաց դերը խաղաղաշինության գործընթացում։
Խոսվեց նաև այն մասին, որ չնայած կանայք ավելի քիչ մասնակցություն ունեն մարտի դաշտում, բայց և այնպես, պատերազմի պատճառով նրանք կրում են տարբեր հետևանքներ, որոնք բավականին տարբերվում են տղամարդկանց կրած հետևանքներից։ Հատկանշական է նաև այն, որ հետպատերազմյան շրջանում կանայք ստանձնում են մի շատ կարևոր դեր. նրանք օգնում են իրենց ամուսիններին՝ փորձել մոռանալ պատերազմի դաժանությունները, և շատ հաճախ կանայք ընկնում են ծանր կացության մեջ։ Շատ կարևոր է որպես մայր՝ կնոջ դերը ընտանիքում, երեխաների դաստիարակության հարցում։ Մասնակիցների մի մասը կարծում էր, որ տարբեր ազգություններում դաստիարակությունը կարող է լինել լրիվ տարբեր և սա շատ կարևոր է հակամարտությունների կարգավորման գործընթացներում։
Հանդիպման ընթացքում ակնհայտ դարձավ մի բան, որ կանայք միշտ փորձում են գտնել խաղաղության հաստատման տարբեր ձևեր, և շատ հուսադրող էր այն, որ պատերազմի տարբեր դժվարություններն ու դաժանությունները տեսած կանայք չեն կորցրել իրենց հույսն ու ուժը՝ խաղաղության հաստատմանը որևէ կերպ նպաստելու համար։






Քննարկումը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ համագործակցությամբ։