Պատերազմի ու խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախաձեռնությամբ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին ՔՀԻ գրասենյակում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում` "Զինապարտության մասին" օրենքում հնարավոր փոփոխությունների՝ մասնավորապես տարկետման իրավունքի վերացման, ու դրանց անհրաժեշտության վերաբերյալ:
"Զինապարտության մասին" օրենքում հնարավոր փոփոխությունների վերաբերյալ քննարկմանը մասնակցեցին փորձագետներ, ուսանողներ, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ներկաների թվում էին նաև գեներալ մայոր Արկադի Տեր–Թադևոսյանը՝ Պաշտպանական մարզատեխնիկական ընկերության ղեկավար, գնդապետ Սեդրակ Սեդրակյանը՝ ՀՀ ՊՆ Իրավաբանական վարչության պետ, գեներալ մայոր Կամո Քոչունցը՝ ՀՀ զինվորական կոմիսար։
Քննարկման սկզբում, որպես բանախոսներ, իրենց տեսակետները ներկայացրեցին Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Աշոտյանը և Ազգային Ժողովի պատգամավոր, "Ժառանգություն" խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ՝ Վարդան Խաչատրյանը։
Իրենց զեկույցներում բանախոսները փորձեցին ներկայացնել "Զինապարտության մասին" օրենքում հավանական փոփոխությունների դրական և բացասական կողմերը, մասնավորապես ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը իր խոսքում կարևորեց կրթության անընդհատելիության անհրաժեշտությունը, իսկ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծում է, որ չպետք է անտեսել անվտանգության խնդիրը։
Բուռն քննարկման ընթացքում ներկաները փորձում էին հասկանալ այն էական պատճառները, որոնք հիմք են հանդիսանում այդ փոփոխությունների համար։ ՀՀ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչների պնդմամբ հիմնական պատճառը 1990–ական թթ. ծնելիության կտրուկ անկման պատճառով այսօր առաջացած ժողովրդագրական խնդիրներն են, ինչպես նաև հրադադարի փաստը, որը պահանջում է միշտ ունենալ համապատասխան քանակով զինվորներով համալրված բանակ։ Ներկաների մի մասը, մասնավորապես դասախոսներն ու ուսանողները, կարծում են, որ երկրի համար այսօր պակաս կարևոր չէ նաև կրթության և գիտության դերը։ Նրանք առաջարկում էին հնարավորություն տալ կրթություն ստանալ ցանկացողներին՝ ունենալ անընդհատելի ուսուցում, որից հետո անպայման զորակոչել բանակ, իսկ առկա խնդիրների համար փորձել գտնել այլ լուծումներ։ Այս ամենից բացի, մասնակիցներից ոմանք նշեցին իրենց այն մտահոգությունների մասին, որ ներկայումս հասարակության մեջ բանակի նկատմամբ առկա վերաբերմունքի պայմաններում հնարավոր է, որ տարկետման իրավունքի վերացման հետ առաջ գան նաև այլ խնդիրներ՝ զինվորական ծառայությունից տարբեր ձևերով խուսափելու նպատակով։
Քննարկման վերջում պարզ դարձավ մի բան, որ բոլորի համար էլ կարևոր է, որ իրենց երկիրն ունենա ամուր բանակ և բարձորակ կրթություն և գիտական առաջընթաց, բայց խնդիրն այն է, թե ինչպես անել, որ այդ երկու ոլորտներում զարգացումը չլինի մեկը մյուսի հաշվին։