Հունվարի 20–ին, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում կազմակերպվել էր քննարկում՝ "Արաբա–իսրայելական կոնֆլիկտի պատմական հետքերով" խորագրով։ Հանդիպումը վարեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի ասպիրանտ Աշոտ Բարսեղյանը։ Ներկայացնելով արաբա–իսրայելական կոնֆլիկտը՝ Աշոտ Բարսեղյանը, նախևառաջ, անդրադարձավ հրեա ժողովրդի պատմության կարևոր իրադարձություններին, որոնք տեղ են գտել Հին Կտակարանում։ Այնուհետև ներկայացվեց սիոնիզմի գաղափարախոսությունը և Իսրայել պետության կազմավորումը, որը սկիզբ դրեց արաբա–իսրայելական հակամարտությանը։ Խոսվեց նաև 20–րդ դարի ընթացքում արաբական աշխարհի և Իսրայելի միջև տեղի ունեցած պատերազմների, դրանց հետևանքների, Պաղեստինի և Իսրայելի առաջնորդների դերի մասին։ Հետաքրքիր է նաև տարբեր ժամանակաշրջաններում պետությունների դիրքորոշումներն այս հակամարտության վերաբերյալ։ Վերջում քննարկվեց Գազայի տարածքում 2008թ. դեկտեմբերի վերջերին սկիզբ առած լայնածավալ ռազմական գործողությունները։
Քննարկումը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։