2009թ. փետրվարի 18–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ "Հիմնական փաստեր Ղարաբաղյան հակամարտության մասին" գրքույկի և "10 հարց Ղարաբաղյան հակամարտության մասին" բուկլետի շնորհանդեսը։ Գրքի համահեղինակները, ովքեր ներկայացնում են "Սահմանագիծ" խումբը, խոսեցին գրքի պատրաստման գաղափարի և աշխատանքների մասին։ Ըստ նրանց՝ գրքույկը միտված է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատկապես հայ երիտասարդության շրջանում իրազեկության բարձրացմանը։ Այստեղ համառոտ կերպով ներկայացված է ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքը՝ սկսած 20–րդ դարի սկզբից մինչև ներկայումս տարվող բանակցային գործընթացները։ Ինչ վերաբերում է "10 հարց Ղարաբաղյան հակամարտության մասին" բուկլետին, ապա այստեղ ներկայացված են այն 10 հիմնական և կարևոր հարցերի հակիրճ պատասխանները, որոնք առավել շատ են քննարկվում։ Հանդիպման ընթացքում մասնակիցները պատմեցին և քննարկեցին տարբեր երկրներում կազմակերպված կոնֆերանսների, սեմինարների ադրբեջանցի մասնակիցների հետ կապված այն իրավիճակների և խնդիրների մասին, որոնց հետ բախվել են։
Շնորհանդեսը կազմակերպվել էր Խաղաղաշինության և կոնֆլիկտի հաղթահարման ծրագրի շրջանակներում։