Մարտի 24-27–ը Վիեննայում մեկնարկեց հայ-ադրբեջանական III-րդ հասարակական խաղաղապահ համաժողովը։ Համաժողովի թեման էր "Անվտանգություն. Մարտահրավերներն ու հնարավորությունները եւ վստահության հաստատման մեխանիզմները": Համաժողովի նպատակն էր ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերի շուրջ տարածք ստեղծել փորձագետների ու քաղաքացիական հանրության ներկայացուցիչների միջեւ երկխոսության համար: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել International Alert-ի ներկայացուցիչ Դեսիսլավա Ռուսանովան, այդ հանդիպումը համապատասխանում է տարածաշրջանում աճող անհանգստությանը եւ նպատակ ունի ընդհանուր երկու հասարակությունների միջեւ վստահության հաստատման մեխանիզմների ու միջոցների վերաբերյալ ընդհանուր հանձնարարականներ մշակել:
4 օրվա ընթացքում պատվիրակությունները աշխատեցին աշխատանքային խմբերում եւ բաց բանավեճերում, մշակեցին ընդհանուր գաղափարներ այն ուղղությունների ու միջոցառումների շուրջ, որոնք կարող են բարելավել հասարակությունների փոխադարձ վստահությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Մշակված գաղափարներն ու առաջարկները կհրապարակվեն:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ներկայացնում էր ՔՀԻ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը։
3-ՐԴ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՐԱՐՉԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՎԻԵՆԱ, ՄԱՐՏԻ 27, 2009
2009թ. մարտի 24-27 Վիենայում տեղի ունեցավ 3-րդ հայ-ադրբեջանական հասարակական խաղաղարարչական համաժողովը՝ "Անվտանգություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ, ինչպես նաեւ վստահության ձեւավորման մեխանիզմներ" թեմայով: Համաժողովի նպատակն էր անվտանգության եւ վստահության ձեւավորման խնդիրների քննարկումը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, որին մասնակցում էին խաղաղարարչական գործընթացի ակտիվիստներ, անկախ փորձագետներ եւ լրագրողներ: Սույն փաստաթուղթը հանդիսանում է չորսօրյա քննարկումների արդյունք, որոնք տեղի էին ունենում ինչպես ընդհանուր ժողովների, այնպես էլ աշխատանքային խմբերի տեսքով:
Համաժողովի շրջանակներում տեղի ունեցավ կլոր սեղան՝ մասնակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի եւ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչների: Համաժողովի մասնակիցները գտնում են, որ նման հանդիպումները հանդիսանում են կարեւոր ներդրում՝ քաղաքացիական հասարակությանը հակամարտության կարգավորման գործընթացին ներգրավելու գործում եւ գնահատում են սույն հանդիպման կայացման փաստը՝ որպես տվյալ ուղղությամբ արձանագրված որոշակի առաջընթաց: Մենք ողջունում ենք բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են խաղաղարարչական գործընթացի թափանցիկությանը եւ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ հանդիսանալու քաղաքացիական երկխոսության մասնակիներ եւ գործընկերներ:
Մենք գտնում ենք, որ քաղաքացիական հասարակությունը լիարժեքորեն ընդգրկված չէ հակամարտության կարգավորման գործընթացում, բավարար կերպով տեղեկացված չէ եւ ենթարկված է ապատեղեկատվության, երկրներում ընդլայնվում են ռազմական ծախսերը, շարունակում է օգտագործվել թշնամանքի լեզուն: Սրան նպաստում է հակամարտող կողմերի հասարակությունների անտարբերությունը, քաղաքացիական հասարակության առաջնորդների ոչ բավարար ակտիվությունը, ԶԼՄ-ներում քաղաքականապես բարեպաշտ բառապաշարի բացակայությունը:
Համաժողովի մասնակիցները միաձայն ընդգծում են հասարակությունների հետ աշխատանքի կարեւորությունը՝ ուղղված հասարակական դիսկուրսի փոփոխությանը եւ տարածաշրջանային անվատնգության ամրապնդմանը: Խաղաղության իրական հաստատումը պահանջում է նպատակամղված աշխատանք՝ պետական քարոզչության գծի փոփոխության եւ ԶԼՄ-ների ու լրագրողների պատասխանատվության զգացման բարձրացման ուղղությամբ: Այդ առումով մենք կոչ ենք անում հակամարտող կողմերի հասարակական գործիչներին ու մտավորականության ներկայացուցիչներին զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության ուժգնացմանը:
Հասարակական դիսկուրսում անհրաժեշտ է փոխարինել բաժանարար շեշտադրումները մեզ միավորող ձեւակերպումներով: Մարդիկ պետք է տեղեկացված լինեն այն կորուստների մասին, որոնք նրանք կրում են հակամարտության պահպանման ընթացքում եւ այն օգուտների մասին, որոնք նրանք կարող են ձեռք բերել խաղաղության հաստատման արդյունքում:
Վստահության ամրապնդման միջոցները մեծ իմաստով ենթադրում են անմիջական շփումներ: Ողջունելով խաղաղության բոլոր առաքելությունները՝ համաժողովի մասնակիցները կոչ են անում նման նախաձեռնությունների շարունակմանը եւ դրանցում հակամարտող բոլոր կողմերի ներկայացուցիչների ընդգրկմանը, մասնավորապես, խաղաղարարչական գործընթացի ակտիվիստների, լրագրողների, գիտնականների, երիտասարդական ակտիվիստների, կրոնական առաջնորդների, հակամարտությունից անմիջականորեն տուժվածների եւ այլոց:
Հայտնելով մեր երախտագիտությունը միջազգային կազմակերպություններին երրորդ երկրներում հանդիպումների անցկացման ապահովման համար՝ միեւնույն ժամանակ, հարկ ենք համարում ընդգծել խաղաղարարչական երկխոսության կազմակերպման անհրաժեշտությունը հակամարտության տարածաշրջանում: Նման հանդիպումների կայացման վայր կարող են հանդիսանալ նաեւ շփման գծի շուրջ առանձնացված որոշակի տարածքներ՝:
Մենք, համաժողովի ներկայացուցիչներս, եւս մեկ անգամ միաձայն հաստատում ենք մեր համոզմունքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության վերաբերյալ եւ հայտնում ենք մեր պատրատակամությունը ներդնել բոլոր ջանքերը եւ ակտիվացնել գործունեությունը այս ուղղությամբ: