Ապրիլի 19-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում ցուցադրվեց իրանացի ռեժիսոր Ջաֆար Փանահիի (Jafar Panahi) «Շրջանը» (The Circle)
ֆիլմը։ 2000թ. այս ֆիլմը ստացել է մի քանի միջազգային մրցանակներ, սակայն Իրանում ցուցադրությունն արգելված է։ Ֆիլմում ներկայացված են մի քանի ոչ ավարտուն պատմություններ՝ Իրանում կանանց իրավունքների մասին։ Ֆիլմի միջոցով Ջաֆար Փանահին ուշագրավ է դարձրել մի շարք կանոններ, որոնք դժվարություններ են առաջ բերում կանանց առօրյա կյանքում։ Օրինակ՝ կանանց չի թույլատրվում միայնակ ճանապարհորդել նույնիսկ երկրի ներսում, բացառությամբ որոշ դեպքերի, կամ չադրա կրելու պարտավորությունը և այլն։ Սակայն ռեժիսորը համադրում է նաև կանանց երջանկությունն ու տառապանքը՝ միաժամանակ ցուցադրելով հարսանեկան արարողություն, և մեկ ուրիշ կին՝ լքված բոլորի կողմից։