«ԴՎՎ ինթերնեշնլ» (dvv international) կազմակերպությունը, «Անադոլու Կուլտուր» (Թուրքիա) կազմակերպության և «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի աջակցությամբ հոկտեմբերի 17-ին, 2011թ., սկիզբ դրեց հայ-թուրքական հաշտեցման համատեղ ծրագրի երկրորդ փուլին:
Դեռևս 2009թ.-ին «Մեծահասակների կրթություն և բանավոր պատմություն. նպաստելով հայ-թուրքական հաշտեցմանը» նախագծի շրջանակներում սկսեց իրականացվել մի ծրագիր, որի նպատակն էր աջակցել տարածաշրջանում հաշտեցման գործընթացին' բաց երկխոսություն ծավալելու միջոցով:
Նախ 2009թ.-ին ուսանողների համար կազմակերպվեց ճամբար Հայաստանում' նրանց բանավոր պատմության հետազոտության մեթոդներին ծանոթացնելու նպատակով: Այնուհետև, 2010թ.-ին Թուրքիայում կազմակերպվեց երկրորդ ճամբարը, որի ընթացքում երիտասարդներին տրվեց հնարավորություն իրականացնել փոքր ծրագրեր առանձին խմբերով:
Այս ծրագրերի շրջանակներում էլ իրականացրած բանավոր պատմության հետազոտությունը հիմք դարձավ «Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայում» հրատարակությանը և տարբեր քաղաքաներում կազմակերպվող ցուցահանդեսներին:
Ծրագրի հաջող ավարտը հաջորդ փուլի սկիզբ դարձավ:
Տեղական պատմության աշխատաժողով Մուշում
2011թ.-ի հոկտեմբերին հայ և թուրք երիտասարդներից կազմավորվեց մի նոր աշխատախումբ: Երիտասարդներին տրվեց հնարավորություն ոչ միայն ծանոթանալ միմյանց և տեղաբնակների հետ, հասկանալ, թե ինչ է մնացել նրանց բոլորի հիշողություններում, այլ նաև նախապատրաստվել համատեղ նոր հրատարակություն ստեղծելուն, որով այդ ամենին հաղորդ կդարձնեն նաև երկու երկրների հասարակության ավելի լայն զանգվածներին:
Այդ նպատակով ծրագրի ընթացքում երիտասարդներն ուսումնասիրել են Մուշ քաղաքի և շրջակա միջավայրի պատմությունը, հարցազրույցներ են վերցրել տեղացիներից, լուսանկարներ արել, բացահայտել քաղաքում թողած մշակութային ժառանգությունը:
Հայ մասնակիցների համար ծրագիրը նաև առավել արդյունավետ էր կազմակերպիչների' հայ երիտասարդներին ընձեռած հնարավորության շնորհիվ: Մինչ Մուշ հասնելը, որտեղ և պիտի իրականացվեր ծրագիրը, հայ երիտասարդները ճանապարհորդեցին և տեսան Արևմտյան Հայաստանի պատմական քաղաքները: Երիտասարդները այցելեցին Կարս, Անի, Վան, Բայազետ, բարձրացան Արարատ լեռը' 2500 մետր բարձրության վրա, այցելեցին Բերկրիի ջրվեժ, Աղթամարի սբ. Խաչ եկեղեցի, Էրզրում:
Նույնիսկ թուրք երիտասարդներից մի քանիսը մի առիթով նշեցին, թե որքան կցանկանային այս վայրերում ճանապարհորդելու այսպիսի հնարավորություն ունենալ:
Ծրագրի մյուս փուլը դեռ առջևում է: Այն իր շարունակությունը կունենա Հայաստանում 2012 թ.-ի գարնանը: Երկրորդ հանդիպումից հետո ուսանողները հանդես կգան հրապարակմամբ, որն էլ կարտացոլի իրենց տպավորությունները, ձեռքբերումները և ստեղծագործական աշխատանքը:
«Խոսելով միմյանց հետ» ծրագրի անգլերեն կայքը
«Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում և Թուրքիայում» նախորդ հրատարակությունը անգլերեն, հայերեն և թուրքերեն տարբերակներով
Սոֆյա Մանուկյան
2011-2012 ծրագրի մասնակից