Հոկտեմբերի 23–ին Երևանի կամերային երաժշտության տանը բացվեց "Առօրյա հրաշքներ կամ սովորականը երեխաների աչքերով – 2" լուսանկարների երկրորդ ցուցահանդեսը, որին ներկայացված էին մոտ 70 լուսանկար։ Այն ներկայացնում է Դիլիջան, Հաղարծին, Մարտունի, Արծվանիստ, Վարդենիս, Ակունք համայնքների սաների լավագույն աշխատանքները։ Լուսանկարների հեղինակները եկել էին Երևան՝ մասնակցելու ցուցահանդեսի բացմանը, և բացի դրանից նրանց համար կազմակերպվել էր այցելություն Հայաստանի Պետական Պատկերասրահ։
Հատուկ ժուրիի կողմից ընտրվել էր լավագույն լուսանկարը, որի հեղինակը, որպես մրցանակ, ստացավ թվային ֆոտոխցիկ։ "Աշոտ Տոնոյան" բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ եղան նաև խրախուսական մրցանակներ։
Այս ցուցահանդեսը, փաստորեն, հանդիսանում է պարբերաբար կազմակերպվող հաշվետվություն լուսանկարչական վարպետության դասընթացների, որոնք կազմակերպվում են "Քաղաքացիական հասարակության ցանց" ծրագրի շրջանակներում։
Դասընթացների ժամանակ լուսանկարիչ Միքայել Պողոսյանը երեխաներին ծանոթացնում է լուսանկարչական արվեստի բազմաթիվ հնարքներին և հմտություններին, նկարի կոմպոզիցիային, լուսանկարչական տեսախցիկի կառուցվածքին եւ այլն։ Ամեն դասընթացից հետո երեխաներին տրվում են ֆոտոժապավեններ՝ ինքնուրույն աշխատելու, ստացած գիտելիքներն անմիջականորեն կիրառելու համար։
Մեկ շաբաթ Երևանում ցուցադրվելուց հետո ցուցահանդեսը կշրջի բոլոր 6 համայնքներում։