Մայիսի 15–ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտի գրասենյակում տեղի ունեցավ “Բնության պահանջներ” անիմացիոն ֆիլմի շնորհանդեսը։ Ֆիլմը պատրաստել են Լիտվայից և Ֆրանսիայից ժամանած 2 կամավորներ՝ Լաուրա Վալոսկայտեն և Սեբաստիան Լերմիտը, մի խումբ հայ դպրոցականների հետ միասին։
Շուրջ 5 ամիս թիվ 119 դպրոցի 8 աշակերտներ պատրաստում էին “Բնության պահանջներ” անիմացիոն ֆիլմը, որը Հայաստանում բնապահպանական խնդիրների մասին է։ Սեբաստիան Լերմիտը և Լաուրա Վալոսկայտեն սովորեցնում էին նրանց անիմացիոն ֆիլմ պատրաստելու տեխնիկան և օգնում էին ֆիլմի միջոցով արտահայտել մտքերը։
Ֆիլմը, որն ամբողջությամբ կառուցված է երեխաների մտահղացումների հիման վրա, պատրաստված է պլաստիլինից և թղթից պատրաստված գունավոր տիկնիկներով։ Այն պատմում է մի ընտանիքի մասին, որն անտառում հանգստանալու ընթացքում մի ամբողջ աղբակույտ է թողնում այնտեղ։ Այսպիսով, անտառի բնակիչները զայրանում են և որոշում պատժել այդ ընտանիքին։
Ֆիլմը պատրաստվել է Հայաստան Ծառատունկ Ծրագրի աջակցությամբ։
Շնորհանդեսի ընթացքում ներկաները դիտեցին ոչ միայն "Բնության պահանջներ" ֆիլմը, այլև մի քանի այլ ֆիլմեր նույնպես, ինչպես նաև գործնականում ծանոթացան անիմացիոն ֆիլմ պատրաստելու հմտություններին։