Բաժանորդագրման մասին
մարդու իրավունքներ // Մայիս 12, 2010

2010թ. մայիսի 12-ին լրացավ է Լևոն Գուլյանի ողբերգական մահվան 3-րդ տարեդարձը

2010թ. մայիսի 12-ին լրացավ է Լևոն Գուլյանի ողբերգական  մահվան 3-րդ տարեդարձը։ 3 հասարակական կազմակերպություն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

2007 թվականի մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության վարչական շենքի բակում Լևոն Գուլյանի մահվան փաստի առթիվ Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը): 2007 թվականի դեկտեմբերի 12-ից քրեական գործը քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

2008 թվականի մարտի 12-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանը որոշում է կայացրել վերը նշված գործի վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքի հիման վրա Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 06.06.2008 թվականի որոշմամբ վերացրել է վերը նշված որոշումը և գործի վարույթը վերսկսել:

21.07.2008 թվականին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքը, առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

16.08.2008 թվականին քրեական գործի նախաքննությունը վերսկսվել է և այն նորից իրականացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Գ. Պետրոսյանի կողմից:

2009 թվականի ապրիլի 16-ին քննիչի որոշմամբ սույն գործի վարույթը կրկին կարճվել է' հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

02.06.2009 թվականին տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները վերը նշված որոշումը բողոքարկել են ՀՀ գլխավոր դատախազին: 29.06.2009 թվականին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ. Թադևոսյանի' 09.06.2009 թվականի որոշումը' քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը մերժելու մասին:

03.07.2009թ. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները Զ. Թադևոսյանի' վերը նշված որոշումը բողոքարկել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

02.12.2009թ. դատարանն իր որոշմամբ մերժել է Զ. Թադևոսյանի' 09.06.2009 թվականի և Գ. Պետրոսյանի' 16.04.2009 թվականի որոշումները վերացնլու և քրեական գործով վարույթը վերսկսելու մասին' տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը:

11.12.2009թ. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դատարանի վերը նշված որոշումը բողոքարկել են ՀՀ քրեական վերաքննիչ դատարան:

05.02.2010թ. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը մերժել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

25.02.2010թ. տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները վճռաբեկ բողոք են ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

02.04.2010թ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի փետրվարի 5-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա. Կարախանյանի և Հ. Ղուկասյանի վճռաբեկ բողոքը ընդունվել է Վճռաբեկ դատարանի վարույթ:

Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ էության համաձայնվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների ներկայացրած հիմնավորումների հետ: Մասնավորապես, բողոքում նշվել է, որ

1/ վերանայվող դատական ակտը առերևույթ հակասում է վճռաբեկ դատարանի' նախկինում ընդունված որոշմանը:

Բողոքի հիմնավորումները շարադրելիս մատնանշվել է, որ քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացնելիս առաջին ատյանի դատարանն իր հետևությունները հիմնավորելու համար 06.06.2008 թվականի որոշման մեջ հղում է արել ՀՀ վճռաբեկ դատարանի 2008 թվականի մայիսի 23-ի թիվ ՎԲ-17/08 որոշման նախադեպային նշանակություն ունեցող որոշ դրույթների վրա: Մասնավորապես, նշվել է, որ սույն քրեական գործով նախաքննությունը չի եղել պատշաճ, հետևաբար, և արդյունավետ, չեն պարզվել և պատժվել պատասխանատու անձինք, ինչպես նաև չեն ապահովվել պատահարի հետ կապված բոլոր ապացույցները (որոշ բարձրաստիճան ոստիկաններ չեն հարցաքննվել, ոմանք հարցաքննվել են դեպքից հինգ օր անց, իսկ Լ. Գուլյանի հետ առնչված վկաները անմիջապես չեն առանձնացվել միմյանցից, որը չի բացառել նրանց հնարավոր հանդիպումն ու դեպքի կապակցությամբ փոխադարձ պայմանավորվածության գալը / թիվ ՎԲ-17/08 որոշման 35 և 37 կետեր/):

Դատարանը հաշվի չի առել օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի, այդ թվում' ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման պարտադրականության պահանջը և կայացրել է դրանցում արձանագրված փաստական հանգամանքներին և տրված հիմնավորումներին հակասող որոշում:

2/ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերեւույթ դատական uխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետեւանքներ:

Բողոքի հիմնավորումները շարադրելիս նշվել են նաև վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի դրսևորումները' նյութական և դատավարական իրավունքի այն խախտումները, որոնք ազդել են գործի ելքի վրա: Նշված դատական սխալն առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ դրա արդյունքում անպատիժ են մնացել ոստիկանության այն աշխատակիցները, ովքեր սահմանազանցելով իրենց լիազորությունները' քրեական գործով վկայի կարգավիճակ ունեցող, սակայն փաստացի ազատությունից զրկված Լևոն Գուլյանին ֆիզիկապես և հոգեպես առողջ վիճակում, առանց իրավական հիմքի, պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներից դուրս հարկադրաբար բերել են ՀՀ ոստիկանության վարչական շենք, որտեղ նա անհայտ պայմաններում մահացել է:

Այս պարագայում ոչ միայն չի ապահովվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2 հոդվածով սահմանված քրեական դատավարության օրենսդրության խնդիրների իրականացումը (քրեական դատավարություն իրականացնող մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի), այլև ուղղակիորեն խախտվել են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, այն է' Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 1950 թվականի Կոնվենցիայի պահանջները: Նման բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը և խարխլել ՀՀ-ում գործող քրեական արդարադատության համակարգի հիմքերը:

Մեր կազմակերպությունները հայտնում են իրենց խորը մտահոգությունը Հայաստանում տիրող անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ։

Այն փաստը, որ Լևոն Գուլյանի  մահվան  համար ոչ մի պաշտոնատար անձ մինչ օրս չի ենթարկվել պատասխանատվության, հաստատում է այդ մթնոլորտի առկայությունը և  հանգեցնում նոր դեպքերի։ 2010թ. ապրիլի 13-ին գողության գործով որպես կասկածյալ բերման ենթարկված Վահան Խալաֆյանը մահացավ ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ դանակով հասցված վնասվածքներից։ Կան հավաստի տվյալներ, որ Ոստիկանության բաժնում նա, ինչպես նաև նույն գործով բերման ենթարկված մյուս երեք վկաները, ենթարկվել է խոշտանգումների։  Ցավով պետք է նշենք, որ խոշտանգումների դեպքերը ոստիկանության բաժիններում ի հայտ են գալիս հիմնականում միայն  այն ժամանակ, երբ խոշտանգումների երթարկված անձը մահանում է։  Յուրաքանչյուր նման դեպքից հետո իրավապահ մարմինները փորձում են ամբողջ պատասխանատվությունը տեղափոխել մահացած անձի վրա։ Իրավապահ մարմինների մոտ բացակայում է այն գիտակցությունը, որ ոստիակնության բաժնում տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան դեպքի համար հենց  իրավապահ մարմիններն են կրում առաջնային և հիմնական պատասխանատվությունը՝ անկախ մահվան հանգամանքներից։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին

  • Կատարել անհապաղ թափանցիկ և արդյունավետ քննություն Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի  մահվան առիթներով։
  • Երաշխավորել, որպեսզի մեղավոր անձինք կանգնեցվեն իրավասու, անկախ և անաչառ դատարանի առջև՝ ազգային և միջազգային օրենսդրության   համապատասխան։
  • Ապահովել հավասար քննություն նաև այն բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունների վերաբերյալ, որոնք չեն կարողացել կանխել նման դեպքերը, այդպիսով նպաստել են անպատժելիության մթնոլորտի խորացմանը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հելսինկյան քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

անուն
էլ. փոստ
մեկնաբանություն