Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա (FIDH)
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկում
Հայաստանին կոչ արվեց իրականացնել 2008թ. մարտին տեղի ունեցած բռնության դեպքերի քննություն և երաշխավորել խոսքի ազատությունն ու հավաքների ազատության իրավունքը
Երևան, Ժնև, մայիսի 19, 2010 - Ժնևում տեղի ունեցած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման կապակցությամբ մեր կազմակերպությունները՝ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Հայաստանում իր անդամ կազմակերպությունը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, ողջունում են ՀՀ իշխանություններին ուղղված բազմաթիվ կարևոր առաջարկությունները և կոչ են անում Հայաստանին շուտափույտ կերպով իրականացնել դրանք։
«Այնուամենայնիվ մենք ցավով նշում ենք, որ մարդու իրավունքների պաշտպանության հարցերում որոշ թերություններ արձանագրելու և դրանք ուղղելու պատրաստակամություն դրսևորելու փոխարեն, ՀՀ իշխանությունները գտնում են, որ պատվիրակների կողմից արված առաջարկությունների կեսն արդեն իրականացվել են», - նշեց Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի /FIDH/ նախագահ Սուեր Բելասենը։
Մեր կազմակերպությունները ողջունում են այն փաստը, որ մի շարք երկրներ դատապարտեցին 2008թ. մարտի 1-ին և 2-ին տեղի ունեցած բռնությունները և կոչ արեցին, որ Հայաստանը իրականացնի դեպքերի լիարժեք քննություն և պատասխանատվության ենթարկի մեղավոր անձանց։ 2008թ. նախագահական ընտրություններից հետո ընդդիմության կողմից Ազատության հրապարակում 9 օր շարունակ ցույցեր էին կազմակերպվել։ Մարտի 1-ին և 2-ին իշխանությունները բռնի ձևով ցրեցին ցույցը և անհիմն կերպով ուժ կիրառեցին, որի արդյունքում 10 մարդ մահացավ և ավելի քան 130 մարդ վիրավորվեց։ Մեր կազմակերպությունները ցավով նշում են, որ ՀՀ պատվիրակությունը այս դեպքերի առնչությամբ քննություն իրականացնելու կամք դրսևորելու փոխարեն միայն պնդեց, որ ոստիկանության կողմից կիրառված բռնության ապացույցներ չկան և համարեց, որ այս առաջարկությունն արդեն իրագործվել է։
Արդարադատության համակարգի անկախության բացակայությունը նույնպես քննադատության է արժանացել մի շարք երկրների կողմից։ Գերմանիան և Հունգարիան առաջարկեցին, որ Հայաստանը հրավիրի Դատավորների և փաստաբանների անկախության հարցերով հատուկ զեկուցողին։
Հայաստանի դիտարկման մյուս առաջնային հարցը՝ քաղաքացիների, լրագրողների և իրավապաշտպանների խոսքի ազատությունն է և հավաքների ազատության իրավունքը։ Բազմաթիվ պատվիրակություններ իրենց մտահոգությունը արտահայտեցին խաղաղ հավաքների ազատության իրավունքի շարունակվող սահմանափակումների վերաբերյալ՝ 2008թ. մարտին «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։ Հայաստանին նաև բազմիցս կոչ արվեց հստակ չափանիշ սահմանել հեռարձակման լիցենզիաների տրամադրման վերաբերյալ։ «Մելտեքս ՍՊԸ-ն և Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ տեղի է ունեցել 10-րդ հոդվածի խախտում՝ հեռարձակման լիցենզիաների տրամադրումը անօրինական մերժելու համար։ Բացի այդ, դատապարտվեց նաև 2008թ. ի վեր լրագրողների նկատմամբ ոստիկանության կողմից բռնության կիրառումը։
Մի շարք երկրներ նաև մտահոգված էին իրավապաշտպանների աշխատանքային պայմաններով։ ԱՄՆ-ն շեշտեց, որ քաղաքացիական հասարակության ակտիվ գործիչները պետք է կարողանան աշխատել առանց խոչընդոտների։ Նորվեգիան ընդգծեց, որ նրանց դեմ ուղղված հարձակումները պետք է քննության ենթարկվեն, և մեղավոր անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Լուրջ մտահոգություններ արտահայտվեցին գենդերային խտրականության արմատացած դրսևորումների վերաբերյալ, մասնավորապես կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների, որոշումների կայացման գործընթացներում կանանց մասնակցության, և կանանց նկատմամբ խտրականության մասին օրենսդրության բացակայության վերաբերյալ։ Թրաֆիքինգի վտանգի տակ գտնվող կանանց պաշտպանության, ինչպես նաև տուժողների աջակցության և ապաստանի տրամադրման հարցերը նույնպես հատուկ ուշադրության առժանացան։
Մեր կազմակերպությունները ողջունում են ներկայացված առաջարկությունները, կշարունակեն հետևել իրավիճակին և նպաստել բարեփոխումների իրականացմանը։ Այնուամենայնիվ, արդյունքների կարելի է հասնել միայն եթե Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն իրականացնի առաջարկությունները և գործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերը իրավիճակը բարելավելու համար։
Փաստաթուղթը հայերեն (pdf., 97 kB)
Փաստաթուղթը անգլերեն (pdf., 135kB)