«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) ՀՀ վերաքննիչ դատարանին և հանրությանն է ներկայացնում Amicus curiae' իրավական մի շարք նորմերի վերլուծություն, որի միակ նպատակն է աջակցել դատարանին՝ արդար դատաքննություն իրականացնելու և արդար դատավճիռ կայացնելու հարցում:
Amicus curiae-ն գրավոր վերլուծություն է, որն իրականացնում է տվյալ դատական գործի հետ չառնչվող, երրորդ կողմը՝ անհատ կամ կազմակերպություն՝ օգնելու դատական իշխանությանը հասնել օրինական և արդարացի որոշման:
ԵՄԴ/0060/01/11 գործով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Տիգրան Պետրոսյան) 2011թ. նոյեմբերի 28-ին վճռեց Անդրանիկ Մակվեցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 143 հոդվածի 1-ին մասով սահմանված հանցագործություն կատարելու համար և դատապարտեց ազատազրկման՝ 6 ամիս ժամանակով:
ՔՀԻ-ն գտնում է, որ Մակվեցյանի արարքում բացակայում է նշված քրեաիրավական նորմի հանցակազմը: Ավելին, նշված նորմը չի բավարարում իրավական որոշակիության՝ սահմանադրական և միջազգային իրավական չափանիշը: ՔՀԻ-ն նաև գտնում է, որ սեփական համոզմունքները քարոզելու յուրաքանչյուր անձի իրավունքը մարդու հիմնարար իրավունք է և ենթակա է պաշտպանության:
Դեկտեմբերի 23-ին այս գործի առնչությամբ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և իր անդամ կազմակերպություն «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը» հայտարարություն են տարածել՝ կոչ անելով ապահովել կրոնի ազատությանն առնչվող դատական գործերի անկախ և անաչառ քննություն:
ՔՀԻ-ն իրականացրել է նշված նորմի, ինչպես նաև մի շարք այլ նորմերի և ինստիտուտների վերլուծություն, որը ներկայացվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին՝ Amicus curiae- ի տեսքով:
Amicus curiae-ին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ:
Աղբյուրը՝ www.hra.am