ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կանայք սեռական բռնության մասին հիմնականում լռում են

Հարցազրույց «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանի հետ:
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը Կանանց իրավունքների կենտրոնը (ԿԻԿ) պատրաստվում է նշել կանանց 16-օրյակ: Ի՞նչ նպատակ ունի դա և ի՞նչ միջոցառումներ են նախատեսվում:
Ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը նշվում է կանանց 16-օրյակ: Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրն է: Եվ 16 օր շարունակ տարբեր հասարակական կազմակերպություններ տարբեր ակցիաների և միջոցառումների միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը գրավել «բռնություն» երևույթի վրա և իրազեկել այդ երևույթի մասին:
ԿԻԿ-ն արդեն 14 տարի է, ինչ գործում է, և սկսած 1997 թ.-ից՝ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը միշտ կազմակերպում է տարբեր միջոցառումներ: Օրինակ՝ անցյալ տարի մենք բեմադրել էինք թատերական ներկայացումներ, որտեղ շոշափվում էր ընտանեկան բռնության թեման՝ բացատրում ինչ է այն և ինչպես կանխել: Մենք ճանաչողական բուկլետներ և թռուցիկներ ենք տարածում։ Բռնություն ասելիս միշտ հասկանում են՝ ֆիզիկական բռնություն, ծեծ, բայց բռնությունը միայն ֆիզիկական դրսևորումներ չունի: Կա հոգեբանական բռնություն, որն ավելի ուժեղ է և ավելի խորը հետևանքներ և ազդեցություն է թողնում:
Այս տարվա միջոցառումները դեռ պլանավորման փուլում են, չեմ ուզում չակերտները բացել: Միայն կասեմ, որ ունենալու ենք 3-4 ակցիա:
Ձեզ դիմած կանանց հետ կատարվող բռնությունների վիճակագրությունն ի՞նչ է ցույց տալիս, կանանց ո՞ր իրավունքներն են ավելի շատ ոտնահարվում:
Մենք զբաղվում ենք միայն ընտանիքում կանանց նկատմամբ բռնության հարցերով, և չունենք տեղեկատվություն, ասենք, աշխատավայրում կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ:
Ընտանիքում կինը մեծամասամբ ամուսնու կողմից է բռնության ենթարկվում, լինում են դեպքեր, որ աղջիկը եղբոր կողմից է ենթարկվում բռնության, հարսը՝ սկեսուրի կամ սկեսուրը՝ հարսի: Ավելի մեծ է հոգեբանական բռնության ենթարկվածների թիվը, երկրորդ տեղում ֆիզիկական բռնության դեպքերն են: Իսկ սեռական բռնության դեպքերով քիչ են զանգահարում, բայց ոչ այն պատճառով, որ չկա, այլ՝ հաճախ քողարկվում է: Հիմնականում հոգեբանի հետ զրույցի ընթացքում առաջինը կինը խոսում է հոգեբանական բռնության մասին, հետո ավելի է անկեղծանում և պատմում է, որ իր նկատմամբ եղել է նաև ֆիզիկական բռնություն, ավելի ուշ, երբ վստահության մթնոլորտ է ստեղծվում, նոր արտահայտվում է սեռական բռնության մասին:
Սեռական բռնության մասին ընդհանրապես չեն արտահայտվում՝ չնայած խորհրդատվությունը գաղտնի է, մենք երբեք չենք հրապարակում մեզ դիմած կնոջ անունը կամ գտնվելու վայրը՝ ելնելով իրենց իսկ անվտանգությունից: Երևի ամաչում են կամ կարծում՝ որ այդպես ճիշտ է:
Եթե թվերով ներկայացնեմ, վիճակագրությունն այսպիսին է. 0800 80 850 հեռախոսահամարով գործող մեր թեժ գծին 2011 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ստացվել է 1782 զանգ, որից 1348-ը վերաբերել է ընտանեկան բռնությանը: Մեզ դիմել է 489 կին, մնացած զանգերը կրկնվող են: 1348 զանգից 854-ը հոգեբանական բռնության վերաբերյալ է եղել, 481-ը՝ ֆիզիկական, և միայն 13-ը՝ սեռական:
2010 թ. նույն ժամանակահատվածի համեմատ թեժ գծի զանգերը շատացել են մոտ 500-ով, բայց մեր կարծիքով՝ պատճառը ոչ թե այն է, որ բռնության դեպքերն են շատացել, այլ՝ կանանց իրազեկվածությունն է մեծացել: Մեզ դիմում են հիմնականում երիտասարդ և միջին տարիքի կանայք՝ 22-45 տարեկան:
Ձեր կարծիքով՝ ո՞րն է կանանց նկատմամբ բռնության պատճառը՝ մեր մտածելակե՞րպն է, թե՞ այն, որ կանայք քիչ են տեղեկացված իրենց իրավունքներից և չգիտեն պաշտպանվել:
Իմ կարծիքով՝ տղամարդը բռնության է ենթարկում կնոջն այն պատճառով, որ ցանկանում է ուժ և վերահսկողություն սահմանել կնոջ նկատմամբ, որպեսզի ցույց տա, որ ինքն ավելի բարձր է: Իսկ դրան նպաստող գործոնները շատ են՝ մտածելակերպը, դաստիարակությունը, բարդույթները, ալկոհոլի օգտագործումը և այլն: Երբեք չի կարելի կնոջը մեղադրել իր նկատմամբ կիրառված բռնության համար: Մեզ դիմել են շատ կանայք, ովքեր պատմել են, որ երբ տարբեր տեղեր դիմել են օգնության ակնկալիքով, իրենց ասել են՝ «դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես հրահրել բռնությունը»: Կինը ոչ մի մեղք չունի, նա պարզապես չգիտի իր իրավունքները և չգիտի ինչպես պաշտպանել դրանք: Կամ կան իրեն կաշկանդող շատ գործոններ՝ ամաչում է հասարակությունից, մտածում է, եթե ամուսնու դեմ բողոք ներկայացնի, կարող է երեխաներին կորցնել, գնալու տեղ չունի, ֆինանսապես կախված է ամուսնուց և այլն:
Մեզ հիմնականում կանայք դիմում են ոչ թե այն ժամանակ, երբ մեկ անգամ ամուսինը հարվածել է կամ ծեծել, այլ տևական բնույթ կրող ընտանեկան բռնության զոհերն են մեզ զանգում: Զանգում են այն ժամանակ, երբ համբերության բաժակը լցվում է:
ԿԻԿ-ն ի՞նչ աջակցություն է ցույց տալիս բռնության ենթարկված կանանց:
24 ժամյա անվճար խորհրդատվություն, մենք թեժ գծեր ունենք նաև 4 մարզերում: Խորհրդատվությունը թե՛ հոգեբանական է, թե՛ իրավաբանական: Իրավաբանը անհրաժեշտության դեպքում օգնում է ընդհուպ մինչ դատարան դիմելու հարցում, օգնում լուծել երեխաների ալիմենտի հարցը և այլն:
Եթե միայն հեռախոսազրույցը բավական չէ կնոջ հոգեկան վիճակը կայունացնելու համար, նրանք գալիս են Կանանց աջակցման կենտրոն, որտեղ մենք ունենք նաև կանանց աջակցման խմբեր: Կանայք զրուցում են իրար հետ, կիսվում են, թեթևանում: Ու ամենակարևոր շեշտը, հոգեբանը դնում է կանանց ինքնագնահատականի բարձրացման վրա: Եթե ինքնագնահատականը բարձրանում է, փոխվում է մտածելակերպը, կինը ձգտում է աշխատել, ունենալ իր եկամուտը և ինքնուրույն դառնալ, որպեսզի կարողանա տեր կանգնել իր իրավունքներին:
Երբ կնոջ կամ իր երեխայի կյանքին վտանգ է սպառնում, ամուսնու կողմից կան սպառնալիքներ կամ կինը բաժանվում է ամուսնուց և նրան պետք է այնպիսի տեղ, որ ամուսինն իրեն չգտնի ու նորից ծեծի, նման դեպքերում մենք հնարավորություն ունենք այդ կանանց ուղղորդել ժամանակավոր ապաստարան, որտեղ նրանք բնակվում են, մինչև վտանգի անցնելը:
Վերջերս կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները շատ ակտիվ են, և կարծես դրան նպաստեց հատկապես Զարուհի Պետրոսյանի հետ կատարվածը: Իսկ պետությո՞ւնն ինչ պետք է անի, ձեր կարծիքով:
Լավ կլինի, որ պետությունը միշտ մեր կողքին լինի: Մենք «Ընտանեկան բռնության մասին» օրենք ենք մշակում, որը պատիժներ է սահմանում բռնարարներին: Եվ պետության դերը հենց նաև այն կլինի, որ այդ օրենքն ընդունի, և բռնարարները պատժվեն ոչ թե միայն սպանելու կամ ծեծելու համար, այլ ընտանեկան բռնության ցանկացած դրսևորման համար լինի համարժեք պատիժ:
Իսկ Զարուհու դեպքի հետ կապված մեր մեկ տարվա պայքարն իզուր չանցավ, և նրա ամուսինը 10 տարվա ազատազրկման դատապարտվեց: Սա դաս է նաև այն բռնարարներին, ովքեր մտածում են, որ իրենք անպատիժ են և ինչ ուզենան, կարող են անել: Շատ լավ կլինի, որ հասարակությունը նույնպես անտարբեր չլինի: Զարուհու դեպքում հարևանները, բարեկամները տեսել են, թե ամուսինը և սկեսուրը ինչպես են ծեծում Զարուհուն, բայց լռել են, որովհետև մտածել են, որ դա իրենց գործը չէ, և այդ ամենը բերեց նրան, որ Զարուհին, ցավոք, մահացավ:
Գենդերային խտրականության վերացումը հեռավո՞ր ապագայում է՝ ըստ Ձեզ։
Իմ անձնական կարծիքով՝ այո: Այդ երևույթը աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, միշտ եղել է և կլինի: Հուսով եմ, որ տարիների ընթացքում կանանց իրազեկվածության աստիճանը կբարձրանա, նրանք կկարողանան ավելի շատ պաշտպանել իրենց իրավունքները։
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am