ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Երեխայի հակասոցիալական վարք. խնդիրն ընտանիքում է

Հարցազրույց Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանի հետ
Շատերի մոտ այնպիսի կարծրատիպ կա, որ այս կրթահամալիրում սովորում են իրավախախտ անչափահասներ: Իրականում ովքե՞ր են ձեր սաները:
Մեր դպրոցը հակասոցիալական վարք դրսևորած երեխաների համար է նախատեսված: Հակասոցիալական վարքով երեխաները նրանք են, ովքեր խնդիրներ ունեն տանը, դպրոցում, շրջապատում: Ամեն ինչ սկսում է ընտանիքից՝ ծնողը չի կարողանում, ի զորու չէ իրականացնել երեխայի դաստիարակությունը, հսկողությունը, խնամքը, կրթությունը: Եւ արդյունքում երեխան հայտնվել է փողոցում: Նրան չես կարող ասել իրավախախտ, որովհետև դեռ օրենքի հետ խնդիրներ չունի: Բայց ռիսկային վիճակում է և եթե այդ վիճակում մնա, օրինախախտման դրսևորումներ կլինեն:
Եթե համայնքային ծառայությունները, ոստիկանությունը շուտ են հայտնաբերում այդ երեխային, ինքը համարյա խնդիր չի ունենում ոստիկանության հետ, իսկ եթե այդպես մնում է, ծնողը չի համաձայնում, ամաչում է բերել այս դպրոց, որովհետև հատուկ դպրոց ուղարկելու համար ծնողի համաձայնությունը պարտադիր է, հետևողական չի լինում, դպրոցը աչք է փակում նրա երկարատև բացակայության վրա, ոստիկանության կողմից չի հայտնաբերվում, նա արդեն օրինախախտման երևույթներով է գալիս դպրոց՝ գողության հակումով, մուրացկանությունն է տարածված, կարող է մուրացկան չլինել, բայց թափառելով ձեռք բերի կախում ծխախոտից և այլն:
Ինչպե՞ս են այդ երեխաները հայտնվում դպրոցում:
Ոստիկանությունն է միջնորդում կամ Երևանի վարչական շրջաններում խնամակալության և հոգաբարձության խորհուրդները, իսկ համայնքներում՝ մարզպետարանի երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները:
ԿԳ նախարարության 2011թ. կարգով՝ այդ երեխաները պետք է հաշվառված լինեն երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններում՝ որպես կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներ՝ հակասոցիալական վարքով:
Ամբողջ հանրապետությունում սա միակ այսպիսի հաստատությունն է: Այս պահին 82 սան ունենք դպրոցում:
Իսկ կրթությունն ինչպե՞ս է կազմակերպվում:
Հանրապետական թիվ 1 հատուկ կրթահամալիրն իրականացնում է երեխայի պաշտպանության համալիր ծրագիր՝ կրթություն, դաստիարակություն, խնամք և սոցիալ-հոգեբանական վերականգնողական աշխատանքներ:
Կրթությունը կազմակերպվում է հանրակրթական դպրոցի ծրագրերով: Բայց մեր հաստատությունը մյուս դպրոցների նման չէ, որ երեխան ընդունվեց, պետք է ավարտի: Հաստատությունը ժամանակավոր է:
Երբ երեխան ընդունվում է, գնահատվում է մեր մասնագետների կողմից, խնդիրներն են նշվում և ինչ ուղղությունով պետք է աշխատել:Մենք ամեն երեխայի հետ ունենք անհատական զարգացման ծրագիր, որով աշխատում է թիմը և որը պարբերաբար վերանայվում է: Անհատական զարգացման ծրագրի ակտիվ մասնակիցն է երեխան, եթե կարողանում ենք, նաև ծնողին ենք մասնակից դարձնում:
Սկսում ենք աշխատել երեխայի և ընտանիքի հետ՝ խնդիրները լուծելու համար: Նախ աշխատանքը տարվում է երեխա-ծնող հարաբերությունները կարգավորելու համար, որովհետև բոլորը խնդիրներ են ունենում ընտանիքում: Միաժամանակ երեխան կրթություն և դաստիարակություն է ստանում, իր նախասիրություններից ելնելով՝ ընդգրկվում է տարբեր խմբակներում, մարզամշակութային միջոցառումներում:
Աշխատանք է տարվում նաև ընտանիքի հետ, որպեսզի երբ ընտանիքը պատրաստ լինի, երեխան վերադառնա ընտանիք: Ընտանիքների մեծ մասը երեխաներին ուզում են ընդունել այն ժամանակ, երբ որ մեծանում են, դառնում են 16 տարեկան, կարող են աշխատել և օգնել: Ավելի ցածր տարիքում ավելի դժվար է, խուսափում են պատասխանատվությունից, ի վիճակի չեն ապահովել երեխայի մինիմալ պահանջները: Մենք կարող է շտկենք երեխայի հակասոցիալական վարքը, բայց ծնողը դեռ պատրաստ չլինի նրան վերադարձնել: Մեր ցավը ընտանիքներում է: Ամեն ինչ ընտանիքից է գալիս:
Իսկ ինչպիսի՞ ընտանիքներից են երեխաները և ընտանիքների հետ ի՞նչ աշխատանք եք տանում:
Հիմնականում միակողմանի ծնողազուրկ երեխաներ են, ավելի շատ՝ միայնակ մայրեր: Ունենք երեխաներ, որ խնամակալը մանկատունն է, հորաքույրն է:
Մեր մասնագետներն այցելում են ծնողներին կամ իրենք են գալիս: Ծնողավարության խմբեր ենք ստեղծում, ծնողավարություն ենք ուսուցանում, մի ծրագրի շրջանակներում մենք գնացինք մարզեր, ուսուցիչներին սովորեցրեցինք՝ ինչպես ենք աշխատում մեր ծնողների հետ, իրենք էլ իրենց փորձը մեզ փոխանցեցին: Մենք շուտով ռեսուրս-կենտրոն ենք դառնալու՝ խորհրդատվություն ենք մատուցելու, ձեռնարկներ ենք պատրաստելու:
Երեխաների հակասոցիալական վարքը շտկելը որքա՞ն է տևում:
Գնալով ավելի կարճանում է այդ ժամկետը: Եթե նախկինում լինում էր մինչև 8-10 տարի, հիմա առավելագույնը՝ 5-6 տարի, երեխա կա՝ 6 ամիս, մի տարի է մեզ մոտ մնում: Ամեն ինչ կախված է ընտանիքից:
Մենք ամեն ինչ անում ենք, որ ընտանիքի հետ կապը սերտացնենք, կոնֆլիկտը վերացնենք: Բոլոր երեխաները, որոնք ընդունվում են, կոնֆլիկտ են ունենում ծնողի հետ:
Եթե ծնողը ցանկություն ունի և ի վիճակի է հետևելու իր երեխային, մենք երեխային ուղարկում ենք ընտանիք, բայց երեխայի իրավունքների պաշտպանության համապատասխան բաժնին տեղյակ ենք պահում, որ երեխան դեռ ունի հակասոցիալական վարք, սակայն ծնողը ցանկանում է նրան տուն տանել և ունի այդ իրավունքը:
Ի՞նչ մասնագետներ են աշխատում երեխաների հետ և ի՞նչ վերականգնողական աշխատանք է տարվում:
Հիմնականում մանկավարժներն են՝ ուսուցիչները, ինչպես հանրակրթական դպրոցներում: Նրանց հետ միասին աշխատում են դաստիարակներ, հոգեբաններ, սոցիալական մանկավարժներ, մշակութային և արհեստագործական խմբակների ղեկավարները՝ համապատասխան մասնագիտությամբ:
Մեզ մոտ գործում են երգի, պարի, կերպարվեստի խմբակներ, համակարգչային ուսուցում: Ունենք կիրառական խեցեգործության և կրկեսի խմբակներ, որոնք շատ լավ արտթերապիա են հատկապես գերակտիվ երեխաների համար: Կար ու ձևի, կոշկակարության և վարսահարդարման խմբակներ էլ ունենք: Շատ մեծ սիրով երեխաները մասնակցում են ֆուտբոլի խմբակի պարապմունքներին, մասնակցում են մրցումների: Աշխատում ենք ոչնչից հետ չպահել երեխաներին:
Մենք ամեն ամիս ունենում ենք տարբեր բնույթի միջոցառումներ: Տանում ենք մշակութային օջախներ՝ կինո, թատրոն, հասարակական սննդի վայրեր՝ պոնչիկանոց, պիցցա կամ պաղպաղակ ուտելու, և նպատակը ոչ թե ուտելն է, այլ երեխայի շփումը շրջապատի, հասարակության հետ, որ նիստուկաց սովորեն, ճանաչեն մեր քաղաքը:
Կրթահամալիրից դուրս գալուց հետո ինչպե՞ս է դասավորվում նրանց կյանքը, դուք հետևո՞ւմ եք:
Դուրս գալուց հետո երեխաներն էլ մեր հսկողության տակ չեն, բայց, այնուամենայնիվ, քանի որ մենք աշխատանք ենք տարել իրենց հետ, հետևում ենք համապատասխան կառույցների հետ, ինչու չէ՝ իրենք էլ են գալիս: Կապը միշտ կա, մենք գիտենք՝ ով ինչ է անում, որտեղ է աշխատում, ապրում: Լինում են դեպքեր, երբ ավարտելուց, չափահաս դառնալուց հետո իմանում ենք, որ ինչ-որ օրինախախտում է արել և դատապարտվել է, բայց շատ քիչ են լինում այդպիսի դեպքեր՝ տարին մեկ կամ երկու դեպք:
Մենք 8 հոգի բուհերում սովորող երեխաներ ունենք: Դա սովորական դպրոցի համար կարող է փոքր թիվ է, բայց մեզ համար մեծ բան է: Վերջին 5-6 տարում մենք ամեն տարի բուհ ընդունվող երեխա ենք ունենում:
Ի՞նչ մասնագիտություններ են ընտրում:
Հոգեբանի, սոցիալական մանկավարժի: Ռազմական ակադեմիայում սովորող ունենք: Այս տարի երկու շրջանավարտ ունենք, փրկարար են ուզում դառնալ: Ու բոլորն էլ, ովքեր ավարտում են, վարսավիրություն գիտեն, կարուձև՝ ըստ իրենց նախասիրության: Մի աղջիկ ունենք, ով ավարտել է և իր արհեստով կարողանում է իր գրպանի փողն աշխատել և միաժամանակ սովորել:
Իսկ դպրոցն այսօր ի՞նչ խնդիրներ ունի, ինչի՞ կարիք ունի:
Դպրոցի հիմնական խնդիրը նյութական է, միջոցները լիարժեք չեն բավականացնում: Շատ դժվար է պետության համար նման դպրոց պահելը, մեծ ծախսեր է պահանջում յուրաքանչյուր երեխայի համար, բայց փորձում ենք ամեն ինչ անել: Եթե երեխան այս դպրոցում է, պետք է մաքուր լինի, հագնված լինի, միայն կրթությամբ չի սահմանափակվում:
Նյութատեխնիկայի ձեռքբերման հարցեր կան՝ լաբորատորիաներ, նոր համակարգիչներ, երեխաների համար մահճակալներ, կահավորում, մասնագետների վերապատրաստում է պետք, որն արդեն ընթացքի մեջ է:
Երեխաներից շատերը չունեն տարրական պայմաններից օգտվելու կուլտուրա, ապրել են մի տան մեջ, որտեղ սանհանգույց չի եղել: Մինչև սովորեցնում ենք օգտվել, կորուստներ ենք ունենում՝ փչացնում են, քանդում են, և անընդհատ վերանորոգման կարիք ենք ունենում, որի համար փորձում ենք միջոցներ հայթայթել բարերարներից, բարեգործական կազմակերպություններից:
Հարցազրույցը՝ Մերի Ալեքսանյանի
Աղբյուրը՝ www.hra.am