«Ե՞րբ են մեր երիտասարդական շարժումները դուրս գալու ինտերնետից և «Ֆեյսբուքից»

Գրող, հրապարակախոս, արվեստաբան Վահրամ Թաթիկյանի հացադուլը տևեց 37 ժամ։ Նա Երևանի Պանթեոնի հարևանությամբ գտնվող Կոմիտասի անվան զբոսայգու պարիսպների մոտ անժամկետ հացադուլ էր հայտարարել։ Մտավորականը ընդվզում էր պատմական և հոգևոր արժեք ունեցող զբոսայգում դելֆինարիումի կառուցման նախագծի դեմ։ Դա, ըստ նրա, այգին կվերածի ժամանցի ու զվարճանքի վայրի, և մենք կունենանք նոր օղակաձև զբոսայգի։ Նրա խոսքերով՝ Կոմիտասի զբոսայգին և Պանթեոնը պետք է դիտել որպես մեկ ամբողջություն, որպես պատմամշակութային հուշարձան։

ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիպել է հացադուլավոր Վահրամ Թաթիկյանի հետ, նրան է փոխանցել ՀՀ նախագահի խոսքերը և, ըստ մտավորականի, իրենք որոշակի փոխզիջման են գնացել։ Սակայն դրանից օրեր անց մշակույթի նախարարությունը այլ բովանդակություն ունեցող  հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ այդ քայլով Գագիկ Բեգլարյանը բարեկարգում է այգին և այլն։ Դա վրդովվեցրել է  Վ.Թաթիկյանին և հիմք տվել կարծելու, որ «կատարվում է մեր քաղաքի «լուժկովացում», որտեղ «նախագահը հարց չի լուծում, այլ՝ քաղաքապետը»։ «Ես քաղաքապետ չունեմ»,-ասում է մտավորականը, իսկ մշակույթի նախարարին անվանում «ստախոս»։ 

Ըստ Վ.Թաթիկյանի՝ նոր քաղաքականություն է այն, որ այգիները աղբանոցի են վերածում, հետո բարեկարգման անվան տակ դարձնում սրճարաններ։ «Այսօր ոչնչացվում են բոլոր այգիները, մենք չունենք օղակաձև զբոսայգի, ուսանողական պուրակ...»,- նշում է մտավորականը։ Ամենավատը, ըստ նրա, այն է, որ այլ օրենքներից «թխած» մեր օրենսդրությամբ սահմանված չեն պատժամիջոցներ պուրակ, անտառ ոչնչացնողների համար։

Վահրամ Թաթիկյանը հայտարարեց, որ բնապահպանական և երիտասարդական հասարակական շարժումներից ոչ մեկն իր կողքին չկանգնեց և այդ պայքարում ինքը բոլորովին մենակ էր (բացառությամբ իրեն սատարած մի քանի ազատամարտիկների)։ Նրան վրդովվեցնում է, որ մեր բնապահպաններն ավելի շատ անհանգստացած են դելֆինների ճակատագրով, քան այգու պատմամշակութային արժեքով։

«Ե՞րբ են մեր երիտասարդական շարժումները դուրս գալու ինտերնետից և «Ֆեյսբուքից»,- հռետորական հարց է հնչեցնում մտավորականը։ «Ֆեյսբուքում հեղափոխություններ են անում, բայց ռեալ կյանքում չկան»,- հավելում է նա։

Թաթիկյանը հույս ուներ հացադուլով խնդրի շուրջը համախմբել հասարակական ակտիվ նախաձեռնություններին, սակայն չհաջողվեց։

«Չեմ հավատում գոյություն ունեցող որևէ հասարակական նախաձեռնությանը»,- ասում է նա՝ հիմնավորելով, որ այդ շարժումները մի խնդրի մասին սկսում են բարձրաձայնել, երբ արդեն շատ ուշ է լինում, այսինքն՝  «նրանց պայքարը ձևական բնույթ է կրում»։

Մտավորականը որոշել է ստեղծել իր անհատական շարժումը և իր մեթոդներով է հասնելու իր համար արմատական 10 հարցերի լուծմանը։ Նա  խոստանում է, որ իր շարժումը ավելի հետաքրքիր է լինելու, իսկ մանրամասների վերաբերյալ կխոսի նոյեմբերի 14-ին։ 

«Ես հացադուլից դուրս եմ եկել, որովհետև նրան, ինչին հնարավոր էր հասնել մեկ հոգով, ես 100 տոկոսով հասել եմ»,- ասում է Թաթիկյանը՝ նկատի ունենալով դելֆինարիումի կառուցման վայրը և Պանթեոնը տարանջատող պարսպի կառուցումը, որն իր պահանջով է կանգնեցվել։ Բայց մտավորականն ասում է, որ չի բավարարվելու այդքանով. «Ինձ համար սկզբունքի հարց է, և ես հասնելու եմ նրան, որ դելֆինարիումը հիմքից քանդվի»։

Մերի Ալեքսանյան

Աղբյուրը՝ www.hra.am