ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նախաքննական մարմինը խուսափել է

Տավուշի մարզի Մեհրաբ զորամասում ըստ պաշտոնական վարկածի ինքնասպանություն գործած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո փաստաբան Սեդա Սաֆարյանը հրապարակավ հայտարարեց, որ այն "էապես թերի է" և միջնորդել էր գործի քննությունը վարող, ՀԿԳ քննիչ Լ. Պետրոսյանին կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակել:
"Նկատի ունենալով, որ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը պարունակում է չհիմնավորված հետևություններ և կասկած է հարուցում, տուժողի իրավահաջորդն անհրաժեշտ է համարում կրկնակի փորձաքննության նշանակումը", սակայն քննիչը մերժել է միջնորդությունը'"անհիմն լինելու հիմքով":
Հիշեցնենք, որ փաստաբանը նաև բացարկ էր հայտնել փորձաքննությունն անցկացնող փորձագետ Վիգեն Ադամյանին, ինչը ևս մերժվել էր:
Կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության մեջ Սեդա Սաֆարյանը որպես օբյեկտիվ պատճառներ նշել է իր առարկությունները և պարզաբանման համար առաջադրել փորձագետներին:
Մասնավորապես, փաստաբանն անդրադաձրել է հետմահու վնասվածքներին, որի կապակցությամբ փորձագետը եզրակացրել էր, որ "Արտակ Նազարյանի աջ նախաբազկի և ստորին վերջույթներին առկա վերնամաշկից զուրկ տեղերը հետմահու են և հավանաբար առաջացել են տեղափոխման ընթացքում":
Ըստ Սաֆարյանի, փորձագետը չի պատճառաբանել, թե, հատկապես, վնասվածքների որ հատկանիշներն են բերել հետևության, որ դրանք հետմահու են և հենվելով գործում առկա փաստական տվյալների վրա, հիմնավորել է, որ դիակը տեղափոխվել է պատգարակով, ապա ավտոմեքենայով, հետևաբար այդ ընթացքում նման վնասվածքներ առաջանալ չէին կարող: նաև' այդ վնասվածքները ինչ առարկաների և ինչ բնույթի ներգործությամբ են պատճառվել:
"Եթե կրկնակի դատաբժշկական փորձաքննությամբ ևս հիմնավորվի, որ այդ վնասվածքներն, իրոք, հետմահու են, ապա տուժողի իրավահաջորդը նախաքննական մարմնին կառաջարկի քննել այն վարկածը, որ Արտակ նազարյանի մահը վրա է հասել այլ վայրում, որն ըստ նախաքննական մարմնի համարվում է դեպքի վայր,- ասում է փաստաբանը,- իսկ նման վարկածի քննության դեպքում պետք է պարզել, թե արդյոք մահվանից առաջ նրան չեն սպանել և ապա քարշ տվել հենակետի գետնատնակից մինչև դիպուկահարի կրակակետը' ինքնասպանության պատկեր ստանալու համար":
Պահանջելով կրկնակի դատաբժշկական փորձաքննության անցկացման անհրաժեշտությունը, փաստաբանը նախաքննական մարմնի ուշադրությունն է հրավիրել նաև մեկ այլ կարևոր հանգամանքի վրա.
"Հնարավո՞ր է արդյոք, որ կենդանի մարդը բերանի խոռոչում հրազենի փող զգալու դեպքում ոչ թե բնազդաբար հետ քաշի լեզուն, այլ ընդհակառակը, լեզուն առաջ բերի և դրանով ծածկի փողաբերանը ու արձակված գնդակը անցնի լեզվի միջով, թե պարտադիր պետք է բնազդաբար հետ քաշեր լեզուն", հարց է բարձրացրել փաստաբան Սեդա Սաֆարյանը:
Նրա համոզմամբ, փորձագետի կողմից նման հնարավորությունը բացառելու պարագայում կբացառվի ինքնասպանության վարկածը և առաջ կքաշվի մեկ այլ վարկած:
"Որ հրազենի փողը Արտակ Նազարյանի բերանն է մտցվել և կրակոց արձակվել այլ անձի կողմից, երբ նա ծեծի ենթարկվելու հետևանքով արդեն իսկ մահացած կամ մահամերձ ու անգիտակից վիճակում է եղել", հետևություն է արել փաստաբանը:
Փաստաբանն իր միջնորդության մեջ անդրադարձել է նաև Արտակ Նազարյանի հարազատների այն պնդմանը, որ գլխի շրջանում, ականջի հետնամասում գանգոսկրի կոտրվածք է եղել. "Եթե կան, ապա նշել դրանց ուղղվածությունը, առաջացման մեխանիզմը, ծանրության աստիճանը և կարող էին արդյոք հանդիսանալ մահվան պատճառ":
Փաստաբանը միջնորդել է նաև կատարել դեպքի վայրի լրացուցիչ զննություն, դատաբժշկին տրամադրել նախկինում չտրամադրված մյուս փորձագիտական եզրակացությունները' հագուստների զննության արձանագրությունը, դատահետքաբանական եզրակացությունը, "ինչը էապես կնպաստեր փորձագետի աշխատտանքին":
Մեկ այլ միջնորդությամբ' "հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի շուրջ մասնագետի կարծիքը ստանալու անհրաժեշտությունից (որից հետո հնարավոր է, որ իմ կողմից կհարուցվի լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու և/կամ փորձագետին հարցաքննելու վերաբերյալ միջնորդություն) միջնորդում եմ տրամադրել Ա. Նազարյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հավելվածներ հանդիսացող սխեմաների լուսապատճենները և լուսանկարների կրկնօրինակները", հանդես եկել այս գործով երկրորդ փաստաբանը' Մուշեղ Շուշանյանը:
Քննիչ Պետրոսյանը մերժել է նաև այս միջնորդությունը: "Այն փաստը, որ նախաքննության մարմինը խուսափել է տրամադրել մեր հայցած լուսանկարները և սխեմաները, և դրանով զրկել է մեզ այլընտրանքային մասնագիտական կարծիք ստանալու հնարավորությունից, հիմք է տալիս պնդելու, որ նախաքննության մարմինը լուրջ մտահոգված է պաշտոնականից տարբերվող մասնագիտական կարծիքի ի հայտ գալու հնարավորությամբ", վստահ է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
Հ.Գ. ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը (չշփոթել ՀՀ Մարդու իրավունքի պաշտպանի հետ) հերթապահ մի արտահայտություն ունի' "քննվում է նաև սպանության վարկածը": Սակայն վերը նշված մերժումները ցույց են տալիս, որ իրականում չի կատարվում բազմակողմանի և օբյեկտիվ քննություն:
Աղբյուր` http://lragir.am
