Թաթիկյանը դադարեցրեց հացադուլը. Խոստացել են նրա պայմանները ի կատար ածել

Պանթեոնի հարակից տարածքում դելֆինարիում կառուցելու դեմ բողոքող ու հացադուլ հայտարարած երգիչ Շահեն Թաթիկյանը դադարեցրել է հացադուլը: Նա արդեն տանն է: 

«Ես չեմ դադարեցրել, իմ պայմանները կատարել են: Իմ հացադուլը նպատակին է հասել, ես հիմա տանն եմ: Երկրի առաջին դեմքի մակարդակով հրահանգվել է հարցը լուծել»,-Panorama.am-ի հարցին այպես արձագանաքեց երգիչը: 
Նա պատմեց, որ կեսգիշերին իրեն է այցելել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և հավաստել, որ օրերս կհրապարկվի որոշում' այգին սեփականաշնորհումից հետ վերցնելու վերաբերյալ: Այգին կմաքրվի, կպարսպապատվի, կդառնա պատմամշակութային համալիր: Սրանք նախարարի խոստումներն են:

«Ինձ Հասմիկ Պողոսյանի միջոցով խոստացել է նախագահը»,-ասաց Թաթիկյանը, ապա մանրամասնեց, որ ինքը դելֆիների համար բողոքի դուրս չի եկել, այլ Պանթեոնը օղակաձև զբոսայգի դառնալու հեռանկարի դեմ է պայքարել, «իսկ եթե մեկն այդքան կենդանասեր է, թող ինքն էլ գար դելֆինի համար հացադուլ հայտարարեր»: Թաթիկյանն ընդգծեց, որ միայնակ է մաքրել իր' հացադուլավորի շրջակայքը, միայնակ բողոքի նստել, ուրախ է, որ արդյունքի հասավ: 

Կեսգիշերին քաղաքապետարանի աշխատակիցներն են նաև այցելել Թաթիկյանին, ներողություն են խնդրել գիշերվա հանգիստը խանգարելու համար, տեղեկացրել, որ այս պահին ժամանակավոր պարիսպ պետք է քաշեն, իսկ դրանից հետո հիմնական: 
«Բերեցին մարդիկ, տեղնուտեղը մաքրեցին, արմատուրաններ, խողովականեր տնկեցին, դրանից հետո մարդկանց պետք է հարգել: Դելֆինների համար թող պայքարեն ուրիշները, իմ հնարավորություններն այդքան էին»,-ասաց երգիչը, նշելով, որ շատ հաստատակամ էր տրամադրված ու պատրաստ էր պայքարել որքան անհրաժեշտ էր:

Հիշեցնենք, որ նա բողոքի էր դուրս եկել «Ոչ բետոնացմանը», «Մի պահ քեզ ծառ զգա, կացինդ սրելուց առաջ», «Մենք ենք տերը այս քաղաքի», «Ծառ կտրողի քոքը կտրվի» կարգախոսներով: 

http://www.panorama.am