ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Կրթության հավասար պայմաններ բոլորի համար

Հոկտեմբերի 11-ին Երևանի Պետական մանկավարժական համալսարանում կնքվեց եռակողմ հուշագիր Կրթության և գիտության նախարարության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և «Առաքելություն Արևելք» դանիական կազմաերպության միջև։ Հուշագրով կողմերը պաշտոնապես ամրագրեցին իրենց պատրաստակամությունը համագործակցել Հայաստանում ներառական կրթության զարգացման ուղղությամբ։
Մեկ այլ եռակողմ հուշագիր ստորագրվեց Մանկավարժական համալսարանի, «Առաքելություն Արևելք» և «Հույսի կամուրջ» կազմակերպությունների միջև։
«Դեպի կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում 2005թ. սեպտեմբերի 1-ին ուժի մեջ «Կրթության առանձանահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, որը ամրագրեց ներառական կրթությունը Հայաստանում։
Ներառական կրթությունը ենթադրում է հանրակրթական դպրոցներում սովորելու հնարավորությունների ստեղծում հաշմանդամ երեխաների համար։
«Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որն ունի ներառական կրթության 5-ամյա փորձ և ավանդույթներ։ Երևանում և ՀՀ մարզերում գործում է 30 ներառական դպրոց, որտեղ սովորում է կրթության հատուկ պայմաններ ունեցող1455 երեխա»,- ասում են միջոցառման կազմակերպիչները։
Կրթություն ստանալը մարդու հիմնարար իրավունքներից է, որը ամրագրված է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կրթություն բոլորի համար» հռչակագրով, ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների» և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների» կոնվենցիաներով, ՀՀ Սահմանադրությամբ և կրթության ոլորտը կարգավորող օրենքներով։
«Երեխաներ կան, որ իրենց այս կամ այն առողջական խնդիրներից ելնելով չեն կարողանում լիարժեք կրթություն ստանալ»,- ասում է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը։ «Հուշագրի ստորագրումը երեխաների կրթության իրավունքների լիարժեք իրականացման համար բարեփոխումների կարևոր նախադրյալ է։ Հայաստանը տարածաշրջանում առաջատար դիրքերում է ներառական կրթության բնագավառում և մեր փորձը շատ հետաքրքիր ու գրավիչ է տարածաշրջանի մյուս երկրների համար»,- նշում է նախարարը՝ հավելելով, որ հուշագրի ստորագրումը կարևորում է նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտներին կրթական բարեփոխումների մեջ ներգրավելու առումով։
Այս հուշագրով նախարարություն-հասարակական կազմակերպություններ համագործակցությունը նոր փուլ թևակոխեց»։
«Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Րաֆֆի Դուդաքլյանը իր ելույթում նշեց, որ միջազգային կազմակերպություններն իրենց զեկույցներում Հայաստանը համարում են տարածաշրջանում ներառական կրթության իրականացման ոլորտում ամենարագ զարգացող երկիր։
«Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց մանկավարժական համալսարանի ղեկավարությանը և նշեց, որ պատահական չէ ընտրված համագործակցությունը մանկավարժներ կրթող ու պատրաստոող բուհի հետ։
Նրա խոսքերով՝ հենց մանկավարժներն են, որ պետք է օգնեն, որպեսզի հասարակության մեջ եղած ավանդական կարծրատիպային վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ փոխվի։
Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց բոլորին և նշեց, որ հուշագրի ստորագրումով հիմք դրվեց համատեղ լուրջ և հետևողական աշխատանքի, որ պետք է իրականացվի ներառական կրթության ոլորտում։
Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am
