ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ԵԽԽՎ–ում շրջանառության մեջ է դրվել Մանվել Սարիբեկյանի սպանության վերաբերյալ գրավոր հռչակագիր
Հոկտեմբերի 7-ին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել գրավոր հռչակագիր Ադրբեջանի կողմից գերեւարված և սպանված հայ հովիվի' Մանվել Սարիբեկյանի վերաբերյալ: Հռչակագրի տակ ստորագրել են ԵԽԽՎ 26 պատգամավորներ։
Ստորեւ բերվում է գրավոր հռչակագրի տեքստը ամբողջությամբ (ոչ պաշտոնական թարգմանություն):
«Գրավոր հռչակագիր
Հայ գերու մահը Ադրբեջանում
2010 թվականի հոկտեմբերի 5-ին մահացել է Ադրբեջանում գերության մեջ հայտնված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանը: Հայաստանի սահմանամերձ գյուղի հովիվ Մանվել Սարիբեկյանը հոտն արածացնելիս գերեւարվել էր ադրբեջանական ուժերի կողմից սահմանի վրա: Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը եւ Ռազմական դատախազությունը հայտարարել են, թե Մանվելը ինքնասպանություն է գործել:
Ավելի վաղ ադրբեջանական կողմի տարածած տեսանյութի մեջ Մանվելի վրա նկատելի էին բռնության հետքեր:
ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Նրանց գործողությունները միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես' Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների, Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին ՄԱԿ-ի եւ Ժնեւյան կոնվենցիաների, որոնց անդամ է Ադրբեջանը, վայրագ խախտում է:
ԵԽԽՎ-ն հորդորում է Ադրբեջանին' միջազգային փորձագետների ներգրավմամբ ամբողջական եւ թափանցիկ հետաքննություն իրականացնել եւ արդարադատության առջեւ կանգնեցնել Մանվել Սարիբեկյանի մահվան համար պատասխանատու պաշտոնատար անձանց:
Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար»:
Աղբյուրը՝ www.hra.am
