ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Լեզվի պետական տեսչությունը հանդես է եկել մի շարք գործող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ
Լեզվի պետական տեսչությունը հանդես է եկել մի շարք գործող օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը: Նա նշեց, որ այսօր գործող անկատար օրենսդրությունը խոչընդոտում է Լեզվի պետական տեսչության աշխատանքներին:
Ս. Երիցյանը բացատրեց, որ խոսքը վերաբերում է մի քանի օրենքներում `«Գովազի մասին», «Վարչական իրավախախտումների մասին» մի շարք ճշգրտումներ անելուն, որը թույլ կտա իսկապես ճշգրիտ ախտորոշել լեզվական խախտումը: Ըստ նրա, «Գովազի մասին» օրեքում նշվում է, որ գովազդի լեզուն գրական հայերեն է, իսկ մեկ նախադասություն այն կողմ, օրենքը տալիս է բացառություններ, որոնք վերաբերում են մեր իրականության 95 տոկոսին:
«Ստացվում է այնպես, որ այդ օրենքի մեկ նախադասությունը հստակեցնում է ամեն ինչ, իսկ մեկ նախադասությամբ էլ նշում է, որ դրանք չեն վերաբերում մակնշումներին և ապրանքանիշերին և այլն: Այս ամենի արդյունքում մենք ականտես ենք լինում մի իրավիճակի, որ ամեն ինչ համարում են մակնշում կամ ապրանքանիշ, ահա այստեղ տեսչության գործունեության համար փակուղային վիճակ է ստեղծվում»,- ներկայացրեց Ս. Երիցյանը:
Նա նաև նշեց, որ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնություններն այժմ քննարկման փուլում են գտնվում Արդարադատության նախարարությունում: «Ես հուսով եմ, որ առաջիկայում այս կարևոր խնդիրներն իրենց լուծումը կստանան»,- ասաց նա:
