ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ըստ ՀՀ փոխվարչապետի` ՀՀ կառավարության համար հրատապ է մնում փախստականների բնակարանային ապահովման խնդիրը
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւային եւ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի (ՓԳՀ) ներկայացուցիչ Դամթյու Դեսալեյնեին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Գեւորգյանը կարեւորել է ՄԱԿ-ի պատրաստակամությունն աջակցել ՀՀ կառավարությանը' լրամշակելու 2008 թ-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ սահմանամերձ բնակավայրերից ներքին տեղահանված անձանց իրենց ծագման բնակավայրերը վերադարձնելու փաստաթուղթը, նշելով, որ ծրագիրը ենթադրում է ներքին տեղահանվածների ծագման բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացում, աշխատատեղերի ստեղծում: Միեւնույն ժամանակ փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության համար դեռեւս հրատապ է մնում փախստականների բնակարանային ապահովման խնդիրը, այն դիտարկվում է որպես առանձին, գլոբալ խնդիր, եւ այս հարցում ակնկալվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի օժանդակությունը:
Այսօր դեռեւս մեծ թիվ են կազմում անօթեւան փախստականները. յուրաքանչյուր ամիս քաղաքացիների ընդունելության ներկայացված դիմումների 80 տոկոսը փախստականների բնակարանային ապահովման հարցին է վերաբերում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը փախստականների խնդիրների լուծումը տեսնում է ընդհանուր զարգացման ծրագրերի համատեքստում: Այսուհետ փախստականների խնդիրներն ավելի շատ ընդգրկված կլինեն ՄԱԿ-ի զարգացման ծրագրերում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ փախստականների անօթեւանության հարցի լուծման նպատակով անցկացվելիք միջազգային դոնոր կազմակերպությունների համաժողովի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
