ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Օհանյանը լրջորեն զբաղվում է հայկական բանակում կարգուկանոն հաստատելով. ղարաբաղյան պատերազմի հերոս
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զբաղվում է հայկական բանակում կարգուկանոնի հաստատմամբ, կարծում է ղարաբաղյան պատերազմի հերոս, Պաշտպանական մարզատեխնիկական միության նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։
Վերջին ժամանակներս զինվորական մասերում զինծառայողների սպանությունների և ինքնասպանությունների, ինչպես նաև դժբախտ պատահարների հետ կապված մի քանի միջադեպ է տեղի ունեցել։ Բանակում տեղի ունեցած միջադեպերի արդյունքում մի շարք զինծառայողներ ձերբակալվել են, մյուսները ենթարկվել են տարբեր աստիճանի պատասխանատվության։
«Երբ բացասական բռնկում կա, դա, անշուշտ, հարվածում է բանակին... Կարևոր է, որ Պաշտպանության նախարարությունը ճիշտ դիրք է գրավել, նա չի հերքում այդ փաստերը, այլ ասում է՝ մենք խնդիրներ ունենք և պայքարելու ենք դրանց դեմ»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Տեր-Թադևոսյանը։
Նա նշեց, որ միջադեպերի կապակցությամբ շատ հրամանատարներ ազատվել են, կարգուկանոնի հաստատման կոշտ քայլեր են կատարվել։
Միաժամանակ Տեր-Թադևոսյանը նշեց, որ «դեդովշչինան» բուն հայկական երևույթ չէ, այդ թերությունները կան բոլոր բանակներում, և դրանց հետ պետք է պայքարել։ Մասնավորապես, նա հիշեցրեց, որ հայկական բանակում «դեդովշչինայի» մասին ինտերնետում տեղադրված տեսահոլովակից երկու ամիս առաջ ինտերներտում դրվել են ադրբեջանական բանակում առկա միջադապերի մասին հոլովակներ։ Տեր-Թադևոսյանը նշեց, որ ամեն տարի բազմաթիվ զինծառայողների է պատրաստում, և նրանց հետ զրույցում պարզում է, որ հայկական բանակում նկատվում է նաև դրական փոփոխություն։ «Իմ կողմից գեղեցիկ չի լինի խոսել դրականի մասին, բայց հանրությունը պետք է նկատի և լուսաբանի դրական շարժը բանակում»,- ասաց նա։
Ղարաբաղյան պատերազմի հերոսը նշեց, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ զինվորի կապը սպայի հետ ավելի ուժեղ է եղել։ «Հրամանատարը հասկանում էր, որ իր կյանքը կախված է զինվորի կյանքից, բարդ իրավիճակը ընկերություն է ստեղծում, իսկ խաղաղ ժամանակ սպան դառնում է տեր և տիրակալ, նա արդեն չի ցանկանում զինվորի հետ մեկ սեղանի շուրջ նստել»,- ասաց Տեր-Թադևոսյանը։
Միաժամանակ նա նշեց, որ հայկական բանակի մարտական ոգին ավելի ուժեղ է, քան Ադրբեջանում։
«Եթե հակառակորդը պարտվել է, ինչպես էլ որ ջանք գործադրի, նրա մարտական ոգին կոտրվել է, և նա չի կարող վերականգնել այն մինչև մի որևէ պահի։ Մեր մարտական ոգին ավելի ուժեղ է... այն «պլյուս» նշանն ունի, ինչքան էլ որ հիասթափված լինենք իրականությունից»,- ասաց նա։
