Ոստիկանության քննիչը՝ բռնություն գործադրող

Մայրաքաղաքի ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանը մարտի 22-ին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ պարզվել է փետրվարի 24-ին Գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նկատմամբ բռնություն գործադրած անձի ինքնությունը։ Ըստ այդմ, բռնություն գործադրողը ոչ այլ ոք է, քան ոստիկանության քննիչ։

Նրա անունը Գագիկ է, իսկ ազգանունը չի հրապարակվում՝ ելնելով անմեղության կանխավարկածից: Նրան մեղադրանք դեռ չի առաջադրվել: Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործը հարուցվել է՝ ծեծի և լրագրողի գործունեությունը խոչընդոտելու հատկանիշներով: Առաջինի դեպքում որպես պատիժ նախատեսվում է առավելագույնը երկամսյա կալանք, երկրորդով՝ 100 հազար դրամ տուգանք:

Հիշեցնենք, որ «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարել էր տվյալ անձնավորությանը: Միջադեպը նկարահանվել էին նաև դատախազության շենքի մուտքի վրա տեղադրված տեսախցիները:

Գագիկ Շամշյանը նշել է, թե տվյալ անձին դեռ Մարտի 1-ի գործերից է ճանաչում: Ըստ նրա, նա Գագիկ Մարգարյանն է, ով աշխատում է ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում՝ որպես քննիչ։ Դատերին նույնպես նա մասնակցել է: 7-ի դատին եկել էր, ես տեսել եմ»,-ասել է ֆոտալրագրողը:

Եվ չնայած նրան, որ բռնություն գործադրողի ինքնությունը պարզվել է, այդուհանդերձ գործով մեղադրյալ դեռ չկա։