Խոսքի ազատության օր Գյումրիում

Մարտի 25-ին լրանում է երկու տարի այն օրվանից, երբ Գյումրիի «ԳԱԼԱ» հեոուստաընկերությանը 10 հազար հայաստանցիների և աշխարհասփյուռ հայության ջանքերով հաջողվեց հաղթանակ տոնել Խոսքի ազատության համառ պայքարում:

«Այդ օրը մեծաթիվ մարդիկ բարոյական և ֆինանսական աննախադեպ օժանդակություն ցուցաբերեցին Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերությանը, ետ մղեցին իշխանությունների մի քանի թևերի և գերատեսչությունների գրոհը մարզային հեռուստաընկերության վրա, ու այդպիսով պաշտպանեցին իրենց և հեռուստաընկերության խոսքի ազատության իրավունքը»,-ասված է «Ասպարեզ» ակումբի հայտարարության մեջ:

Հեռուստատեսային և ինտերնետային մարաթոնի շնորհիվ 7 օրում հանգանակվեց մոտ 25 մլն դրամ, որով հնարավոր եղավ մարել Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հարկային պարտքը:

Հենց այդ օրը մարվեց այն գումարը, որը կեղծ ու չապացուցված հիմքերով նկարել էին հարկայինի օպերլիազորները։ Ի դեպ, առանց վկաներին լսելու և ապացույցների ուսումնասիրման՝ պարտքը արտանկարել էր նաև դատարանը:

Երկու տարի շարունակ Մարտի 25-ը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնությամբ նշվում է իբրեւ Խոսքի ազատության տոն:

Այս տարի ևս Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակում տոնական հանդիսությամբ է նշվելու Խոսքի ազատության օրը։

Հանդիսության ժամանակ հատուկ նվերներով պարգևատրվելու են իրենց աշխատանքով աչքի ընկած հայաստանյան լրագրողներն ու զանգվածային լրատվամիջոցները: Լինելու է Գյումրվա առանձնահատուկ հյուրասիրություն:

Բոլոր նրանք, ովքեր այդ օրը նաև իրենց տոնն են համարում, հրավիրվում են հանդիսությանը: Բոլորին, լրագրողներին, խմբագիրներին, ԶԼՄ հիմնադիրներին եւ տնօրեններին, խնդրում ենք այս հրավերը համարել հատուկ անձնական հրավեր եւ տարածել բոլոր հնարավոր ուղղություններով: