ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ի պաշտպանություն Թեղուտի

Այս պահին ՀՀ վարչական դատարանում լսվում է «Էկոդար» բնապահպանական հ/կ-ի հայցն ընդդեմ բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, ինչպես նաև երրորդ կողմ հանդես եկող «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի:
Դատարանի դիմաց Թեղուտի պաշտպանության խումբը, «Ժառանգություն» կուսակցության երիտասարդները և մի շարք հ/կ-ների ներկայացուցիչներ անցկացնում են բողոքի ակցիա' ի պաշտպանություն Թեղուտի:
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն քննարկել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» և «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունների դիմումն առ այն, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացներում խախտվել է Օրհուսի կոնվենցիայի 6-րդ հոդվածը' սահմանափակելով հասարակության մասնակցությունը:
Դիմումի քննարկմանը դիմող կողմը ներկայացնում էին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ-ի շրջակա միջավայրի քաղաքականության փորձագետ Սոնա Այվազյանը և փաստաբան Հայկ Ալումյանը: ՀՀ կառավարությունը ներկայացնում էր Օրհուսի կոնվենցիայի հայաստանյան համակարգող Աիդա Իսկոյանը: Դիտորդներ էին Թեղուտի շահագործումն իրականացնող «Էյ-Սի-Փի» ընկերությունից Սահակ Կարապետյանը և նշյալ ընկերության փաստաբան, «Պրուդենս» ընկերության ղեկավար Էդուարդ Մուրադյանը:
Ընդ որում, վերջիններս ՀՀ կառավարության ներկայացուցչի հետ համատեղ ներկայացնում էին կառավարության դիրքորոշումը: Այս հանգամանքը կրկին վկայում է, որ Թեղուտի շահագործման հարցով «Էյ-Սի-Փի» ընկերությունն ու ՀՀ կառավարությունն ունեն ընդհանուր շահեր և հնարավորինս համագործակցում են:
Լսումները և կողմերի միջև տեղի ունեցած հարց ու պատասխանը տևել է շուրջ հինգ ժամ: Օրհուսի կոմիտեն իր որոշումը կկայացնի իր առաջիկա նիստերի ընթացքում' հունիս, կամ սեպտեմբեր ամիսներին:
