ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Սասուն Միքայելյանի գործը եվրոպական դատարանում
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով բողոք է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել 2008թ-ին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով։
Բողոքարկող կողմը համոզված է, որ Միքայելյանին ազատազրկելով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ և այսօր նրան անազատության մեջ պահելը խոշտանգումից զերծ մնալու իրավունքի ոտնահարում է:
Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հիշեցրել է, որ Սասուն Միքայելյանն ունի լուրջ առողջական խնդիրներ, իսկ «պետությունը չի անում օրենքով որոշված անհրաժեշտ այն գործողությունը, որը այս իրավիճակում պարտավոր էր անել, այսինքն՝Միքայելյանի հիվանդությունը մտնում է այն ցանկի մեջ, որի պարագայում անթույլատրելի է անազատության մեջ պահելը»:
Ըստ բողոքարկող կողմի՝Միքայելյանի կալանավորումն ու դատաքննությունն իրականացվել են կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածների խախտումներով (անձեռնմխելիություն և արդար դատաքննության իրավունք)։
«Սասուն Միքայելյանը դատարանի կողմից զրկվեց պաշտպանական ճառ ասելու, վերջին խոսք ասելու, անձամբ ցուցմունքներ տալու իրավունքներից և անձամբ իր դեմ ցուցմունք տվող վկաներին հարցաքննելու իրավունքից... Սրանք արդեն բավարար պայմաններ են, որպեսզի Եվրոպական դատարանը ճանաչի արդար դատաքննության խախտումը», - վստահ է Արմեն Խաչատրյանը:
Ձերբակալվելուն պես Միքայելյանը հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին կամովին հայտնել է զինամթերքի գտնվելու վայրը, որտեղից էլ այն հայտնաբերվել է։ Սակայն անտեսվել է օրենքի այն պահանջը (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 5-րդ մաս), համաձայն որի զենք-զինամթերքը կամովին հանձնելու դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:
Պաշտպանական կողմը պնդում է, որ դատաքննության ընթացքում անհիմն մերժվել են նաև Անդրանիկ Միրզոյանին հարցաքննելու միջնորդությունները, ապօրինի են եղել նաև Միքայելյանին 8 ամիս նախնական կալանքի տակ պահելու որոշումները:
Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հաղորդմամբ՝ Եվրադատարանում են գտնվում հետընտրական իրադարձությունների հետևանքով քրեական հետապնդման ենթարկվածների շուրջ հինգ տասնյակ գործեր։
Գրեթե բոլոր դեպքերում բողոքարկվում են արդար դատաքննության, անձեռնմխելիության իրավունքի խախտումները, նաև' Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ և 11-րդ հոդվածների (խոսքի ազատության և հավաքների ազատության իրավունք) խախտումների հանգամանքը:
