ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի արդարադատության բացերը
«ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ կողմից մարտի 8-ին հրապարակված զեկույցը անհրաժեշտ է խորը ուսումնասիրել։ Այնտեղ նշված թերությունների անգամ թռուցիկ դիտարկումը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս․․․մտահոգությունները առկա են, մտահոգությունները լուրջ են, և մեծ անելիքներ կան»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը։
«Բնականաբար, պետք է կատարվեն մի շարք լուրջ գործողություններ. առաջին հերթին օրենսդրական փոփոխություններ։ Սա զեկույց է, որտեղ խոսվում է Հայաստանի արդարադատության համակարգում առկա բացերի մասին։ Հետևաբար անհրաժեշտ է փոխել նաև օրենքի կիրառման պրակտիկան»։
Միևնույն ժամանակ Դավիթ Հարությունյանը ընդգծել է, որ Հայաստանի օրենսդրությունը, մասնավորապես, Քրեական դատավարության օրենսգրքի բազմաթիվ դրույթներ հնարավորություն են ընձեռում խուսափելու նշված սխալներից։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը 2008 թվականի ապրիլից մինչև 2009 թվականի հուլիս մոնիտորինգ է անցկացրել Հայաստանի դատարաններում, եվրոպական կառույցի մասնագետները 16 ամսվա ընթացքում հետևել են 93 դատավարությունների, որոնցում ընդգրկված է եղել 109 ամբաստանյալ: Հիմնականում դրանք այն գործերն են եղել, որոնք հարուցվել են հետընտրական գործընթացների հետևանքով։ Զեկույցում նշված են հենց դատավորների կողմից թույլ տրված սխալներ։ Դիտորդների փոխանցմամբ' որոշ դատավորներ իրենք էին մեկնաբանություններ անում ամբաստանյալների մեղքի վերաբերյալ կամ ճնշում գործադրում մեղադրվողների նկատմամբ, որպեսզի նրանք ընդունեն իրենց մեղքը: Դատարաններում միշտ չէ, որ պահպանվել է մրցակցության եւ կողմերի հավասարության սկզբունքը:
