Դատավճիռն անփոփոխ թողեցին

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Սերժիկ Ավետիսյանի, այսօր մերժել է Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում է կիրառել «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ:

Դատարանը անփոփոխ է թողել Երևանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով Փաշինյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման, սակայն կիրառել է համաներում և կիսով չափ կրճատել պատժի չկրած մասը:

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանը անազատության մեջ կմնա ևս 3 տարի 1 ամիս:

Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը Վերաքննիչ դատարանի այսօր հրապարակած դատավճիռը գնահատել է մեկ բառով «խայտառակություն»։

Հիշեցնենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի առաջին մասով' զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով, իսկ 316-րդ հոդվածի առաջին մասով' իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով դատարանը (Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ) նրան արդարացրել էր:

Վերաքննիչ դատարան բողոք էին ներկայացրել թե' Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, թե' մեղադրող կողմը: Առաջինները դատարանից պահանջում էին արդարացնել իրենց պաշտպանյալին, իսկ մեղադրող կողմը բողոքարկել էր դատավճռի արդարացման մասը' պահանջելով սահմանել մեղադրական դատավճիռ: