ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ֆոտոլրագրողի նկատմամբ բռնություն է կիրառվել

Այսօր Գլխավոր դատախազության մուտքի մոտ մինչև կոլեգիայի նիստի սկսվելը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նիստին մասնակից դատախազներին լուսանկարելիս բռնության ենթարկվել։ Նա չի դիմել բժիշներին ու չի էլ պատրաստվում։ Ասում է, որ ծեծկռտուքից հետո ուժեղ ականջացավ ու գլխացավ ունի։
30-ամյա մի երիտասարդ արգելել է նրան լուսանկարել։
«Սկսեց ինձ հայհոյել, ասացի դադարեցրու, չլսեց, ասացի՝ ինչ ասում ես ՝ դու ես, նա էլ վերցրեց լուսանկարչական ապարատս ու դրանով հարվածեց դեմքիս, հազիվ հասցրի ապարատս խլել ու ծոցս պահել, որ չվնասվի»,- պատմեց Շամշյանը:
Քաշքշուկը շարունակվել է 10-15 րոպե։ Միջադեպի մասին Գագիկը պատմել է կոլեգիայի նիստից հետո գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավիրած ասուլիսում' նշելով, որ հասցրել է լուսանկարել բռնարարք կատարողին, որը մտել է դատախազության շենք:
«Ես զարմացած եմ, թե ինչու նա ինձ վրա հարձակվեց, - ասում է Գագիկը,- նախ ես ասել եմ իրեն , որ լրագրող եմ, հետո էլ նույնիսկ դատախազներն էին հումոր անում՝ ասելով՝ինչ էլ գիտեմ հարմար պահերը՝ երբ նկարեմ»։ Շամշյանի խոսքով՝ կա նաև իրենց կռվի տեսագրությունը, ինչը նկարահանել են դատախազության մուտքը վերահսկող տեսախցիկները։
Գլխավոր դատախազն արձագանքել է այս միջադեպին՝ ասելով, որ «ուղղակի պահանջում է՝ Գագիկը դեպքի մասին իրենց գրավոր ներկայացնի: Ինքն էլ որպես գլխավոր դատախազ պահանջում է, որ ներկայացնի նաև տեսանյութը և ձայնագրությունը, որպեսզի իրենք հնարավորություն ունենանք պարզելու»:
Շամշյանի խոսքով՝ ինքը իր արած լուսանկարները կփոխանցի դատախազություն, իսկ ձայնագրություններն այսպես թե այնպես էնտեղ են։ Նրա խոսքով՝ ինքն իր հետ ծեծկռտուք սկսողին չի ճանաչում, բայց մի քանի անգամ տեսել է մարտի մեկի դատավարությունների ժամանակ; Ասաց նաև, որ հավատում է դատախազի խոսքին, որ կհետևեն այս միջադեպի ընթացքին։
