Հանուն լրագրողների պաշտպանության

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն օրեր առաջ 2-րդ ընթերցմամբ քննարկել է քրեական օրենսգրքի  164 հոդվածում (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) նոր փոփոխությունների կատարումը։

Օրենքի նախագծի հեղինակները  «Օրինաց երկիր» կուսակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյաննն են։ Նրանք առաջարկում են լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը' կապված նրա կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու հետ, պատժել տուգանքով' նվազագույն աշխատավարձի25-450-ապատիկի չափով կամ ուղղիչ աշխատանքներով' առավելագույնը  2 տարի ժամկետով կամ ազատազրկմամբ' առավելագույնը 5 տարի ժամկետով (նախկինում օրենքի հոդվածում նման կետ սահմանված չէր):

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր դեռևս  2009-ի նոյեմբերին:

Հովհաննես Մարգարյանն ու Հեղինե Բիշարյանի համոզմամբ Հայաստանում լրագրողների իրավունքները բավարար չափով պաշտպանված չեն, հետևաբար կարիք կա օրենքում լրացումներ կատարելու:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեստրոպ Հարությունյանի կարծիքով էլ օրենքի խստացումը թույլ կտա՝ «ձեռքերը ազատ թողած մարդիկ» լրագրողների աշխատանքը խոչնդոտելիս սկսեն մտածել, իսկ «երկար ձեռքերը՝ կարճանան»։ Օրինագիծը կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «Հայաստանում լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին» 2009 թ. զեկույցում ասվում է, որ անցյալ տարի լրագրողների նկատմամբ գրանցվել է ֆիզիկական բռնության 11 դեպք, մինչդեռ 2008-ին'18։ Արձանագրվել է տնտեսական, իրավական կամ քաղաքական ճնշումների 14 դեպք, 2008-ին'16, տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքը խախտվել է 13 անգամ, 2008-ին'14: