Ոստիկանության հաղորդագրությունը

Փետրվարի 12-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Աուդիտ ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը և հայտնել, որ 2008 թվականի հոկտեմբերին իրեն պատկանող Բյուրեղ ՓԲԸ-ի 41 տոկոս բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը: 2009 թվականի նոյեմբեր ամսին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այդ մասին Սարիբեկ Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը փետրվարի 12-ին, ժամը 13.00-ի սահմաներում գնացել է Սիլ գրուպի գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու ոմն Արտաշ սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: Փետրվարի 12-ին, ժամը 18.00-ին Սարիբեկ Սուքիասյանը և Այրարատ տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը բերման են ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին: Քննությունը վարում է Էրեբունու քննչական բաժինը։