ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պարտադրեցին վճարել տուգանքը
«Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանը մամուլին տեղեկացրել է, որ թերթը «մեծ դժվարությամբ» վճարել է 3 միլիոն դրամի տուգանքը։ Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել էր մասնակի՝ պարտավորեցնելով «Դարեսկիզբ» ընկերությանը վճարել 3 միլիոն դրամ 620 հազար դրամ, իսկ վերաքննիչ ատյանը այդ գումարը իջեցրեց 3 միլիոն դրամի:
Աննա Հակոբյանը ասել է, որ թերթը հրատարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի գույքի վրա կալանք էր դրվել՝ չնայած բանակցություններ են վարվել տուգանքը տարաժամկետ կերպով վճարելու համար։ Թերթի տնօրինությունը ԴԱՀԿ-ի ներկայացուցիչներին առաջարկել է՝ ամսական 300 հազար դրամ վճարելով մեկ տարվա ընթացքում փակել ողջ տուգանքը։
«Մենք տեղում այդ գումարը վճարեցինք, որպեսզի թերթի բնականոն գործունեությանը ոչինչ չխոչընդոտի», - ասել է «Հայկական ժամանակ»-ի տնօրենը: Վերջինիս պնդմամբ, այս կերպ փորձում են ճնշումներն գործադրել իրենց վրա։ «Այդ գործողությունները գնահատում եմ որպես մեր վրա իրականացվող երկարաժամկետ և հաստատուն ճնշումների մի մաս ընդամենը: Հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանը հիմա գտնվում է անազատության մեջ»։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հայցը ընդդեմ «Հայկական Ժամանակ» օրաթերթի, որով նա պահանջում էր օրաթերթից հերքել Դուբայում ձերբակալվելու վերաբերյալ տպագրած լուրն ու վճարել ավելի քան 15 միլիոն դրամ տուգանք, դատարան մտավ անցյալ տարվա ապրիլին, անցավ ներպետական բոլոր դատական ատյանները։
Աննա Հակոբյանը նշել է, որ այս գործով դիմելու են Եվրոպական դատարան:
