ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Մարտի 1–ի զոհերի հարազատները դիմել են ԵԽ պաշտոնյաներին
2008թ. մարտի 1-ի իրադարձությունների ընթացքում զոհվածների իրավահաջորդները նամակով դիմել են ԵԽ, ԵԽԽՎ և Եվրոպայի Ժողովրդական կուսակցության ղեկավար պաշտոնյաներին՝ կոչ անելով ապահովելԵԽԽՎ և նրա հանձնաժողովների հետագա բոլոր նիստերում իրենց իրավունքներն ու շահերը բարձրաձայնող ,Ժառանգությունե կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի մասնակցությունը։
Զոհվածների իրավահաջորդները կոչ են անում վերականգնել հայկական խորհրդարանական պատվիրակության կազմում նրա՝ հիմնական անդամի կարգավիճակը և մերժելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի՝ պատվիրակության կազմի փոփոխություն ենթադրող հավատարմագիրը։
Պարոն Տոբյորն Յագլանդին,
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար,
Տիկին Մոուդ Ֆրոկ դե Բյոր-Բուքիքիոին,
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ,
Տիկին Միշելին Կալմի-Ռեյին
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն նախագահող
Շվեյցարիայի դաշնային քարտուղար
Պարոն Լլուի Մարիա դե Պյուչին,
ԵԽԽՎ նախագահ,
Պարոն Սերհի Հոլովատիին,
ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ղեկավար
Պարոն Գորան Լինդբլատին,
ԵԽԽՎ Քաղաքական հարցերի հանձնաժողովի ղեկավար
Պարոն Թոմաս Համարբերգին,
Եվրոպայի Խորհրդի Մարդու Իրավունքների հանձնակատարին
Պարոն Գեորգի Ֆուրունդային,
EPP-ի խմբի առաջին փոխնախագահ
Տիկին Կարին Հոնկերին,
EPP-ի խմբի փոխնախագահ
Պարոն Քրիստոս Պուրգուրիդեսին,
EPP-ի խմբի փոխնախագահ
Պարոն Ջոն Գրինվեին,
ԵԽԽՎ կանոնների եվ ընթացակարգերի,
հարցերի հանձնաժողովի ղեկավար
ԵԽԽՎ անդամներին
Մեծարգո տիկնայք եւ պարոնայք,
Ձեզ են դիմում 2008թ. մարտի 1-2-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանի կենտրոնում սպանված զոհերի իրավահաջորդները: Թույլ տվեք եւս մեկ անգամ հիշեցնել, որ այդ օրերին Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում իշխանությունները հրահանգեցին ոստիկանությանը կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, որի արդյունքում սպանվեցին առնվազն 10 քաղաքացիներ' մեր զավակները: Մինչեւ օրս այս հանցագործությունը բացահայտված չէ, իսկ մարդասպանները դեռեւս ազատության մեջ են:
Այս զազրելի հանցագործության հետաքննության համար նախ ստեղծվեց ընդդիմության ներկայացվածության առումով անհավասարակշիռ խորհրդարանական հանձնաժողով, որի նկատմամբ ի սկզբանե անվստահություն հայտնեցին թե' ընդդիմադիր «Ժառանգությունը» եւ Հայ ազգային կոնգրեսը, թե մենք: Գիտակցելով խորհրդարանական հանձնաժողովի իրականացրած հետաքննության մեծ ռիսկերը' ԵԽԽՎ նախաձեռնությամբ ձեւավորվեց Փորձագետների փաստահավաք խումբը, որում իշխանություններին եւ ընդդիմությանը ներկայացնող փորձագետների հարաբերակցությունը հավասարակշռված էր: Ի հեճուկս բազմաթիվ խոչընդոտների' դա հնարավորություն տվեց որոշակի առաջխաղացում գրանցել այս սպանությունների քննության գործում: Սակայն Փաստահավաք խումբը ցրվեց ՀՀ նախագահի կարգադրությամբ հենց այն պահին, երբ իշխանությունները հասկացան, որ այս մարմինը արդեն մոտ է մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը: Իսկ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը իր «հետաքննությունն ու աշխատանքն» ավարտեց 2009թ. աշնանը' այդպես էլ չհրապարակելով որեւէ մարդասպանի անուն: Ավելին' իշխանությունները հայտարարեցին, որ «ի տխրություն զոհերի հարազատների եւ ընդդիմադիրների' մարտի 1-ի էջը փակված է»... Այս ողջ ժամանակահատվածում հայոց խորհրդարանում, եվրոպական կառույցներում մեր իրավունքների ու օրինական պահանջների միակ պաշտոնական բարձաձայնողն ու ներկայացնողը եղել է «Ժառանգություն» կուսակցությունը եւ նրա ներկայացուցիչներ Րաֆֆի Հովհաննիսյանը, որին 2008թ. ապրիլին փոխարինեց տիկին Զարուհի Փոստանջյանը:
Երկրում «մարտի 1-ի էջը փակված» հայտարարելուց հետո այն նաեւ ԵԽԽՎ-ում լռեցնել պատրաստվող իշխանությունները, իսկ ավելի ստույգ' ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այդ «առաքելությունը» իրագործելու նպատակով օրերս որոշում է կայացրել «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ տիկին Փոստանջյանին հայկական խորհրդարանական պատվիրակությունում հիմնականից փոխարինող անդամ դարձնելու վերաբերյալ եւ ԱԺ ֆինանսական միջոցների սղության պատճառաբանությամբ աշխատակազմին հանձնարարել է Ստրասբուրգ գործուղել միայն պատվիրակության հիմնական կազմին' առանց «Ժառանգության» ներկայացուցչի: Մամուլին տրված պաշտոնական մեկնաբանություններից նաեւ տեղեկացանք, որ հիմնական կազմում «Ժառանգություն» խմբակցությանը այսուհետ փոխարինելու է «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցության ներկայացուցիչը' իբրեւ թե այն պատճառաբանությամբ, որ այդ կուսակցության խորհրդարանական խմբակցությունն ավելի մեծաթիվ անդամներ ունի, եւ 2008թ. մարտի 1-ի նախօրյակին ընդդիմությունից իշխանություն դարձած «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչը պետք է հիմնական անդամի կարգավիճակ ունենա:
Մենք' «մարտի 1-ի» որդեկորույս ծնողներս, հայտարարում ենք, որ
- «Ժառանգություն» կուսակցությունը միակ ընդդիմադիր կուսակցությունն է Ազգային Ժողովում, եւ միայն նա է ներկայացրել եւ ներկայացնում մեր եւ հասարակության ընդդիմադիր հատվածի շահերը, այդ թվում' ԵԽԽՎ-ում,
- Հայ հեղափոխական դաշնակցությունը մշտապես հնարավորություն է ունեցել արտահայտվել մարտի 1-ի ու դրա հետեւանքների մասին, սակայն դա երբեւէ չի արել, հավանաբար այն պարզ պատճառով, որ մաս է կազմել թե նախկին, թե ներկայիս իշխանությանը, հատկապես 2008թ. մարտյան օրերին ու դրանից հետո' ընդհուպ մինչեւ 2009թ. մայիսը. ավելին' այդ կուսակցության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ այդ իրադարձությունների մեղավորն ու պատասխանատուն միայն ընդդիմությունն է:
Վերոգրյալի հիման վրա' դիմում ենք Ձեզ' ԵԽԽՎ ու նրա հանձնաժողովների հետագա բոլոր նիստերում մեր իրավունքների ու շահերի բարձրաձայնող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը ապահովելու համար:
Հայաստանի հարկատուները բարեխիղճ հարկեր են վճարում, որոնց հաշվին մեր երկիրը անդամավճար է մուծում միջազային կազմակերպությունների, այդ թվում' ԵԽԽՎ-ին, որպեսզի Հայաստանն ու Եվրոպան լիարժեք կատարեն մեր երկիրը ժողովրդավարացնելու իրենց փոխադարձ պարտավորությունները, ինչպես նաեւ' հայ հասարակության բոլոր շերտերի ձայները լսելի լինեն այդ պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելիս: «Ժառանգությունից» բացի, ոչ մի կուսակցություն պաշտոնապես չի ներկայացնում մեր շահերը, տեսակետները եւ ակնկալիքները համաեվրոպական այդ հեղինակավոր ամբիոնում: Հետեւաբար, եթե դուք շահագրգռված եք Հայաստանի հարցի համալիր քննարկմամբ ու ձեր իսկ ընդունած փաստաթղթերի իրականացմամբ, ապա դա ապացուցելու լավագույն հնարավորություններից մեկը հայկական խորհրդարանական պատվիրակության կազմում Զարուհի Փոստանջյանի' հիմնական անդամի կարգավիճակի վերականգնումն ու ՀՀ Ազգային ժողովի նախագահի' պատվիրակության կազմի փոփոխություն ենթադրող հավատարմագրի մերժումն է:
Մեզ այդպես էլ չհաջողվեց ազատ ու ժողովրդավար եվրոպական ընտանիքին միանալուց հետո օգտվել բոլոր հիմնարար իրավունքներից եւ մնալ կենդանի ու ազատ: Իսկ մեր որդիները զոհվեցին հանուն այդ սկզբունքների եւ իրավունքների:
Հարգանոք եւ ակնկալիքներով'
«Մարտի 1-ի» որդեկորույս ծնողներ'
Ջեմմա Վարդումյան' Դավիթ Պետրոսյանի մայր
Ալլա Հովհաննիսըան Տիգրան Խաչատրյանի մայր
Վաչագան Ֆարմանյան Արմեն Ֆարմանյանի հայր
Սարգիս Քլոյան Գոռ Քլոյանի հայր
Սամվել Հարությունյանի հայր Էդիկ Հարությունյան
Ռուզաննա Մնացականյան Տիգրան Աբգարյանի մայր
Լիլիա Մինասյան Հովհաննես Հովհաննեսյանի այրի
