ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Պայքարենք ՁԻԱՀ-ի դեմ ամեն օր
Վաղը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս առթիվ, «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Հայաստանի ուսանողական ֆորում», «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպություններն ու մի խումբ երիտասարդներ, ուսանողների խաղաղ երթ են կազմակերպում:
«Կանգնեցրու հաշվիչը» խորագիրը կրող երթը կանցնի մայրաքաղաքի փողոցներով: Այն կսկսվի ժամը 16:00-ին՝ Կոնսերվատորիայի հարակից այգում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է «Դրական մարդկանց հայկական ցանց» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Հարությունյանը:
«Հարկավոր է ամեն օր գործել, այլ ոչ թե այս խնդրի մասին խոսել միայն դեկտեմբերի 1-ին», հայտարարել են ասուլիսի կազմակերպիչները:
Կազմակերպության նպատակն է ուսանողներին տեղեկացնել, թե ինչպես նրանք պետք է դառնան այդ ծրագրի մի մասը:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» կազմակերպության նախագահ Հովհաննես Մադոյանը նշել է, որ գոյություն ունեն մի շարք ծրագրեր, որոնցում, սակայն, մարդիկ մասնակցություն չեն ունենում: «Կան մարդիկ, ովքեր հետազոտվել են և գիտեն, որ իրենք ունեն ՄԻԱՎ վարակը, բայց չեն կանգնում դիսպանսեր հսկողության' վախենալով հասարակական բացասական վերաբերմունքից»,- նշել է Մադոյանը:
Ասուլիսին մասնակցել է նաև «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» կազմակերպության ներկայացուցիչ Մամիկոն Հովսեփյանը, ով մատնանշել է այն դժվարությունները, որոնց հետ բախվում են թմրամոլներն ու միասեռականները: «Խտրականության և անհանդուրժողականության պատճառով նրանք չեն կարող դիմել բժշկի և համապատասխան բուժում ստանալ», նշել է Մամիկոն Հովսեփյանը։
Նա նաև անդրադարձել է տարածված այն կարծիքին, թե, իբր ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգն ամենաշատը սպառնում է միասեռականներից, այն դեպքում, երբ Հայաստանում ավելի հաճախ համաճարակը փոխանցվում է հենց հետերոսեքսուալների միջոցով: Հայաստանում մարդկանց իրավունքները շարունակում են մնալ խախտված, իսկ բուժվելու «հասանելիությունը»' շարունակում է երազանք մնալ, եզրափակել է Հովսեփյանը:
