ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանը ցուցմունք չտվեց
«Ես չեմ հրաժարվում ցուցմունք տալ դատարանում և անպայման ցուցմունք եմ տալու, բայց պատշաճորեն նախապատրաստվելու հնարավորությունից զրկված եմ եղել, համակարգիչ չունեմ և դժվար է 15 հատորանոց գործի նյութերի հետ առանց համակարգչի աշխատել«, դատական նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը միջնորդեց դատարանին հնարավորություն և պայմաններ ստեղծել մինչ ցուցմունք տալը պատշաճորեն նախապատրաստվելու համար։ Նորից համակարգչի հետ կապված խնդիրներ են ծագել, ինչին համառորեն խոչնդոտում է «Երևան» քրեակատարողական հիմնարկի պետը։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ դատարանը համապատասխան գրությամբ դիմել է մեկուսարանի պետին և եթե հարցը մինչ այսօր չի կարգավորվել, ապա պաշտպանական կողմը կարող է վիճարկել նրա գործողություններ, սակայն դատարանը սահմանել է ապացույցների հետազոտման կարգ և առաջնորդվելու է դրանով։ Ըստ այդ կարգի այսօր ցուցմունք պետք է տար Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին տեղեկացրեց, որ ինքը ևս չի կարողանում համակարգչով մուտք գործել մեկուսարան և աշխատել իր պաշտպանյալի հետ։ «Սույն հիմնարկի ղեկավարը գտնում է, որ իմ համակարգիչը պետք է հանձնեմ իրենց, որպեսզի մասնագետները ստուգեն»։ Փաստաբանը հայտնեց նաև, որ ինքն առաջարկել է իր ներկայությամբ ստուգել համակարգիչը, սակայն պետը ոչ մի կերպ չի համաձայնել։
«Եթե այս պահին Փաշինյանը ցուցմունք տա՝ այն թերի կլինի», ասաց Լուսինե Սահակյանը՝ միջնորդելով դատարանին փոխել նախապես սահմանված ապացույցների հետազոտման կարգը. հրապարակել փորձագիտական եզրակացություններն ու ապացույց հանդիսացող այլ փաստաթղթեր, ապա նոր ցուցմունք կտա Նիկոլ Փաշինյանը։
Մեղադրող Կորյուն Փիլոյանը կարծիք հայտնեց, թե ցուցմունք տալու համար նախապատրաստվելու կարիք չկա։ Նա նաև կասկած հայտնեց, թե Փաշինյանն իրականում չի ուզում ճշմարտացի ցուցմունք տալ, ինչպես հայտարարել էր նախորդ դատական նիստում։ Մեղադրողը, սակայն չառարկեց միջնորդությանը և դատավորը բավարարեց այն։ Ընդմիջումից հետո սկսվեց քրեական գործի նյութերում եղած ապացույցների հետազոտման փուլը։
Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի բակը դարձյալ մարդաշատ էր։ Ներկա էին ընդդիմության ակտիվիստներ։
