ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում արձանագրվել է աղքատության աճ
Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Հայաստան. աղքատությունը եւ համաշխարհային տնտեսական ճգնաժամի սոցիալական հետեւանքները» վերլուծության համաձայն այս տարի Հայաստանում արձանագրվել է ընդհանուր աղքատության աճ։
«Ընդհանուր աղքատությունն այս տարվա երկրորդ եռամսյակում հասել է։ 28.4 տոկոսի' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.6 տոկոսի համեմատ։Այլ կերպ ասած, աղքատների թիվը այդ ընթացքում աճել է ավելի քան 90 հազարով։Գրեթե կրկնապատկվել է Հայաստանում ծայրահեղ աղքատության աստիճանը' 3.6-ից հասնելով 6.9 տոկոսի, երկրում ծայրահեղ աղքատների թիվն ավելացնելով 107 հազարով», - Երեւանում երեքշաբթի օրը հայտարարել է ՀԲ-ի ավագ տնտեսագետ Լիրե Էրսադոն:
Համաշխարհային բանկը իր վերլուծության մեջ օգտագործել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ Ըստ այդմ՝ 2008 թվականին Հայաստանում աղքատների թիվը կազմել է բնակչության 23.5 տոկոսը' կամ ավելի քան 760 հազար մշտական բնակիչ, իսկ նրանցից մոտավորապես 100 հազարը ծայրահեղ աղքատներն էին։
Լիրե Էրսադոն նշել է, թե տնտեսական ճգնաժամի պայմաններում զգալիորեն ավելացել է արտերկրից Հայաստան վերադարձող աշխատանքային միգրանտների թիվը, ովքեր ավելացրել են երկրի ներսում արդեն իսկ գոյություն ունեցող գործազուրկների թիվը։
«Արտաքին միգրացիան զգալիորեն նվազել է, սակայն աճել է Հայաստան վերադարձողների թիվը: Հետաքրքիր է, սակայն, որ սա չի ազդել տրանսֆերտների ցուցանիշների վրա»։
Այս ամենի հետ մեկտեղ, ՀԲ-ի ավագ փորձագետը դրական է գնահատել Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քայլերը։
