Ոստիկանությունը հրաժարվում է տեղեկանք տրամադրել

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների բաժինը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանին տրամադրել վերջին 5 տարում Փաշինյանի' Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանքը: Ինչպես գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, տեղեկանքում նշված է, որ «ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03,11,2009 թիվ 3/3-3671 գրության համաձայն, Ն.Փաշինյանը 26.02.2008թ. մինչև 07.07.2009թ. գտնվել է հետախուզման մեջ և հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում չի բնակվել»:

Հենց սա է, ըստ ոստիկանության, դարձել տեղեկանքը տրամադրելու մերժման պատճառը: Անդրադառնալով տեղեկանքին' «Հայկական ժամանակը» նշում է, որ ՀՀ ոստիկանությունը մեկ գրությամբ միանգամից մի քանի կեղծիք է թույլ տվել.«Միայն հետախուզման մեջ գտնվելու փաստը երբեք չի կարող նշանակել, որ տվյալ անձն այդ ընթացքում Հայաստանում չի բնակվել»։։

Բացի այդ, «ՀԺ»-ն նշում է, որ եթե համաձայն պետական մարմինների Նիկոլ Փաշինյանը չի գտնվել Հայաստանում 2008թ. փետրվարի 26-ից, ապա այդ դեպքում ինչպե՞ս են նրան մեղադրում 2008թ. մարտի 1-ին իբր թե զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Գրությունից ստացվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը մինչև այս տարվա հուլիսի 7-ը Հայաստանում չի եղել:

«Հետաքրքիր է, թե ո՞վ է եղել 2009թ. հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացած Նիկոլ Փաշինյանը», - հարց է տալիս «Հայկական ժամանակը»:

Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով' «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», եւ 316 հոդվածի առաջին մասով' «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Դատավարությունն ընթանում է Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում։