ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Նաիրիտ»-ի պայթյունի գործն ուղարկվել է դատարան
Հայաստանի Ոստիկանությունում ավարտվել է Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանում այս տարվա մայիսի 14-ին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը և գործն ուղարկվել է դատարան։
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել են Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Քրեական օրենսգրքի 285 հոդվածի հատկանիշներով' «վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը», հոդվածով մեղադրանք է առաջադրվել գործարանի արտադրության պետի, արտադրամասի պետի եւ հերթափոխի պետ նկատմամբ:
«Նաիրիտ»-ի մամուլի ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ քրեական գործի նախաքննության ավարտի մասին իրենց պաշտոնապես չեն տեղեկացրել:
«Եվ քանի դեռ չենք ստացել այդ տեղեկատվությունը, որեւէ բան հրապարակելու իրավունք չունենք: Մեր հանձնաժողովների եզրակացությունները՝ նույնպես», - հավելել է Հարությունյանը:
Հարցին, թե կա արդյոք ընդհանրություն առաջադրված մեղադրանքի եւ ընկերության մասնագիտական հանձնաժողովի եզրակացության մեջ, նա պատասխանել է. - «Ես նույնիսկ մեր հանձնաժողովի եզրակացությանը տեղյակ չեմ եւ իրավունք էլ չունեի տեղեկանալու, որովհետեւ դա փակ փաստաթուղթ է եւ կբացվի միայն այն դեպքում, երբ մեզ կուղարկեն նախաքննության եզրակացությունը»:
Հիշյալ հոդվածով սահմանված է 2-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում:
«Նաիրիտ»-ի քլորոպրենի արտադրամասում մայիսին տեղի ունեցած աղետից զոհվել է չորս մարդ։
«Ազատություն» ռադիոկայան
