Համաներում պարտադիր կիրառմամբ

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Սարգիս Հացպանյանը որպես ազատամարտիկ համաներման արդյունքում այդպես էլ ազատ չարձակվեց, քանի որ նրա անձնական գործում այդ մասին չկա համապատասխան պաշտոնական տեղեկանք։

Հիշեցնենք, որ ոչ Հայաստանի, եւ ոչ էլ ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարությունները չեն տրամադրում սույն տեղեկանքը, որով Սարգիս Հացպանյանը կարող էր ապացուցել իր մասնակցությունը Արցախյան ազատամարտին՝ չնայած որ փոխարենը ներկայացվել է տեսանյութեր, ազատամարտիկների բազմաթիվ վկայություններ ու տարբեր փաստեր:

Օրերս իրավապահները հանդես են եկել համաներմամբ ֆրանսահպատակ Հացպանյանին ազատ արձակելու՝ պատժի չկրած մասը մեկ երրորդով կրճատելու նոր առաջարկով։ Սակայն 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանը պնդում է, որ համաներմամբ իրեն պետք է ազատ արձակեն ոչ թե չկրած մասը մեկ երրորդով կրճատելու արդյունքում, այլ իր ազատամարտիկ լինելու համար:

Գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տրուզյանը, սակայն «Ա1+»-ին պարզաբանել է, որ «Համաներման մասին ԱԺ հունիսի 19-ի որոշումը ունի օրենքի ուժ եւ ենթակա է պարտադիր կիրառման: Նշված որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն' պատժաչափի չկրած մասը մեկ երրորդով կրճատվում է դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ: Տվյալ կետը տարածվում է Սարգիս Հացպանյանի վրա, եւ հետեւաբար նրա չկրած մասը կրճատվի մեկ երրորդով անկախ իր ցանկությունից»,

Ֆրանսահայ Սարգիս Հացպանյանը շուրջ 10 ամիս գտնվում է անազատության մեջ։ Նա դատապարտվել է րեական օրենսգրքի 333 հոդվածի երկրորդ մասով՝ սուտ մատնություն մեղադրանքով: Նրա դեմ քրեական գործ էր հարուցվել «Հայկական ժամանակ» օրաթերթի մի հրապարակման հիման վրա, որտեղ Հացպանյանը պնդել էր, թե «Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ է նախապատրաստվում»:

Համաներման որոշման կիրառման վերջնաժամկետ Ազգային ժողովը սահմանել է սեպտեմբերի 30-ը։