ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Դատարանը մեղավոր ճանաչեց ընդդիմադիր երիտասարդին
Շաբաթ օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել «Հիմա» երիտասարդական շարժման ակտիվիստ Վահագն Գեւորգյանին՝ նրան դատապարտելով մեկ տարվա ազատազրկման եւ 80 հազար դրամ տուգանքի: Գեւորգյանի նկատմամբ կիրառվել է Ազգային ժողովի հուլիսի 19-ի որոշմամբ ընդունված համաներումը, ինչի արդյունքում և նա չի ազատազրկվել:
Ընդդիմության երիտասարդ ակտիվիստը մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի հանդեպ կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ վիրավորելու' ուրիշի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձեւով ստորացնելու մեջ:
Ըստ մեղադրական եզրակացության միջադեպը տեղի է ունեցել 2009 թվականի ապրիլի 10-ին Հյուսիսային պողոտայում: Վահագն Գեւորգյանն ու իր ընկերը Հյուսիսային պողոտայում անբարո արտահայտություն են արել անցնող աղջիկների հասցեին, ինչը նկատել է այդ տարածքում ծառայություն կատարող ոստիկանը և դիտողություն արել երիտասարդին։ Ըստ մեղադրանքի, ի պատասխան Վահագն Գեւորգյանը հայհոյել է նրան, ապա դիմադրություն ցույց տվել, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել նրան:
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը համոզված է, որ երիտասարդը հետապանդվում է իր քաղաքական հայացքների համար և արդարացման հասնելու համար պատրաստվում է դիմել վերաքննիչ, ապա նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանն ասում է, որ եվրոպական դատական ատյաններում այս գործը միանշանակ այլ ընթացք ու վճիռ կունենա, քանի որ մարտիմեկյան դեպքերից հետո ընդունված թիվ 1608 բանաձեւի համաձայն' անընդունելի են համարվում միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա հարուցված քրեական գործերը:
