Արմեն Մարտիրոսյանի նամակը ՀՀ նախագահին

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին Արման Բաբաջանյանի վերաբերյալ

Այսօր այցելել եմ Ժամանակ թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին, ով այս պահին գտնվում է Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկում: Սա առաջին այցելությունս չէր քրեակատարողական հիմնարկ: Բայց երբեւէ այսքան ծանր զգացողությամբ դուրս չեմ եկել այնտեղից, որովհետեւ որեւէ քաղբանտարկյալի մոտ չեմ նկատել առողջության այդպիսի վատթարացում ինչպիսին առկա էր նրա մոտ: Տեսադաշտի 35 տոկոսի անկում աջ եւ 40 տոկոսի անկում ձախ աչքում, հիպոֆիզի ուռուցք, որի արդյունքում նկատվում է աջ վերջույթի անընդհատ դող:

Արման Բաբաջանյանի առողջության մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն մեր հորդորները չլսվեցին: Եվ այսօր ունենք առողջության ծայրահեղ կորստի փաստի առջեւ կանգնած հայ երիտասարդ: Հետեւությունս մեկն է' չհարգվեցին ոչ միայն նրա մարդկային իրավունքները' այդ թվում պայմանական վաղաժամկետ ազատման, այլ նաեւ չպահպանվեց նրա առողջությունը:

Կարեւորելով մեր երկրի ստանձնած շատ պարտավորություններ' էլ առավել եմ կարեւորում մեր երկրի ներսում հանդուրժողականության, մեծահոգության եւ արդարամտության դրսեւորումները: Անարդար է, երբ քրեական հանցագործը, ով մայրաքաղաք Երեւանում մահվան հանգեցնող «ճակատամարտ» է իրականացնում, ազատազրկվում է շատ ավելի նվազ ժամկետով, քան երիտասարդ լրագրողը, որին վերագրվում է ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու արարք:

Հարգելի պարոն Նախագահ,

Հայցում եմ Ձեր միջամտությունը եւ ակնկալում, որ նախագահական ձեր լիազորությունների շրջանակում ազատություն կշնորհեք Արման Բաբաջանյանին:

Հարգանոք'

Արմեն Մարտիրոսյան

Խմբակցության ղեկավար