Հիմնականում բողոքում են ոստիկանության դեմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ քաղաքացիներից ստացված բողոքների թիվն աճել է։ Պաշտպանի գրասենյակն այս տարվա առաջին եռամսյակում ստացել է 1833-բողոք(նախկինում 1768)։ Բողոքվերի թվով առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ոստիկանությունը, ապա հաջորդիվ կրթության և գիտության նախարարությունը, դատական համակարգն ու սոցիալական ապահոցության նախարարությունը։ 

ՄԻՊ գրասենյակը խախտումներ է արձանագրել ոստիկանության բաժանմունքներում: Դեպքեր են գրանցվել, երբ քաղաքացուն անօրինական 20 ժամ կամ 2 օր պահել են ոստիկանության բաժանմունքում: Օմբուդսմենը նշել է, որ շատ են պետական մարմինների հետ կապված խնդիրները, և երբեմն իրենք պարզապես աբսուրդային պատասխաններ են ստանում:

«Շատ անգամ մենք մտահոգվում ենք, որ եթե մեզ են այդպես պատասխանում, ապա ինչպե՞ս են աշխատում շարքային  քաղաքացիների հետ», ասում է Հարությունյանը։: Նմանատիպ մեկ այլ խնդրի հետ կապված ՄիՊ գրասենյակը բախվել է նաև ոստիկանության հետ։

«Ոստիկանապետի տեղակալ Հ. Հունանյանը մեզ շատ տարօրինակ պատասխան էր գրել: Քաղաքացին մեզ բողոքել էր, մենք դիմել էինք ոստիկանություն, նա մեզ ուղղակիորեն գրել է' «այդպիսի բողոք նա մեզ չի ուղարկել, այդ բողոքի մեջ էլ տվյալները սխալ են»։Մեր արագ արձագանքման խմբի տղաները ստուգել էին, և պարզվել էր, որ մոտ 57 հոգու ժամկետից երկար Երևան քաղաքի ոստիկանության տարբեր բաժանմուքներում անօրինական կերպով պահել են»,- լրագրողներին ներկայացրել է օմբուդսմենը:

Կան դեպքեր, երբ քաղաքացին բողոքում է պաշտպանին, իրենք նամակ են գրում իրավապահ մարմիններին, և մի շաբաթ հետո քաղաքացին գալիս, խնդրում է, որ հանկարծ իր գործով չզբաղվեն:

«Երբ մենք ասում ենք' մարդկանց մեջ վախի մթնոլորտ կա, ասում են' փաստեր ներկայացրեք: Հիմա եթե սա փաստ չի, ի՞նչ է: Այսօր Հայաստանում գոյություն ունի չինովնիկների ամենաթողություն, և շարքային քաղաքացիներն այս  տեսակետից անպաշտպան են: Սա կարող են իշխանություններն ընդունել որպես ահազանգ օմբուդսմենի կողմից»,- ասում է պաշտպանը։

 Անդրադառնալով հուլիսի 5-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներից' Տիգրան Առաքելյանի գործին' օմբուդսմենը նշել է, որ ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խումբը զբաղվում է այդ հարցով:

«Թող չստացվի, որ ոստիկանությունը միշտ սխալ է: Միանշանակ ոստկանության աշխատակիցը վնասվածքով վերակենդանացման բաժանմունքում պառկած է: Նրա նկատմամբ ուժ էր գործադրվել, և գործ պետք է հարուցվեր: Պետք չէ ամեն ինչ բերել, մտցնել քաղաքականության տակ»։

Օմբուդսմենը կոչ է արել, տարբեր ակցիաներ կազմակերպելու դեպքում իրենց նախապես զգուշացեն, որպեսզի ՄԻՊ արագ արձագանքման խումբը մասնակցի այդ ակցիաներին:

«Պաշտպանը չի կարող եղածից հետո որոշել, թե ով է ճիշտ, ով' սխալ: Դրա համար բազմիցս խնդրել եմ, որ եթե ակցիաներ են կազմակերպվում, թող մեր արագ արձագանքնման խմբի տղաներին ի սկզբանե հրավիրեն, որպեսզի նրանք այնտեղ լինեն: Այդ դեպքում կտեսնենք, թե ինչ եղավ իրականում: Այդ դեպքում մեզ համար շատ ավելի հեշտ կլինի»,- ասաց նա: