Տիգրան Առաքելյանը կալանավորվել է պաշտպանական իրավունքի խախտմամբ

Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը' հուլիսի 5-ին ձերբակալված Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Դատական նիստը, որտեղ որոշվել է 28 ամյա Տիգրան Առաքելյանի կալանավորման հարցը, տեղի է ունեցել առանց փաստաբանի մասնակցության։ Առաքելյանի շահերի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանն ասում է, որ դատական նիստ նշանակելուց առաջ իրեն տեղյակ չեն պահել։ 

«Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ըստ ոստիկանության ցանկության և ոչ թե օրենքով,-ասում է փաստաբանը,-: Տեղի է ունեցել պաշտպանական իրավունքի կոպիտ խախտում։ Անձը ասում է' ես ցանկանում եմ ունենալ պաշտպան, սակայն նրան հնարավորություն չեն ընձեռում իր պաշտպանի հետ հանդիպելու»։

Տիգրան Առաքելյանը ձերբակալվել էր հուլիսի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի առիթով, երբ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների մի խումբ քաղաքացիներին իրազեկող թռուցիկներ էր բաժանում հաջորդ օրը սպասվող հանրահավաքից առաջ։ Նրանց վրա անսպասելիորեն հարձակվել էին մոտ 10-15 անձինք՝ քաղաքացիական հագուստներով և առանց ներկայանալու փորձել խլել թռուցիկներն ու բարձրախոսը։ Ինչպես ավելի ուշ պարզվել էր հարձակվողները ոստիկանության աշխատակիցներ են եղել։ Տիգրան Առաքելյանը այն 3 տուժված անձանցից մեկն է, ում դաժանորեն ծեծի էին ենթարկել ոստիկանները։

Հայոց համազգային շարժման երիտասարդական թեւի մեկ տասնյակից ավելի ներկայացուցիչներ եւ Տիգրան Առաքելյանի ընկերները երեկվանից հացադուլ են սկսել՝ զորավիգ լինելու իրենց ընկերոջը, ով հացադուլ սկսել էր դեռևս 4 օր առաջ ժամանակավոր մեկուսարան տեղապոխվելու պահին՝  այսպիսով բողոքելով իր նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդման դեմ։