ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
Ձերբակալվել է ՀԱԿ ակտիվիստը
Կիրակի երեկոյան ձերբակալվել է հուլիսի 1-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկը՝ 28-ամյա Տիգրան Առաքելյանը։ Ծեծկռտուքը տեղի էր ունեցել Աբովյան փողոցում, երբ Առաքելյանն ու իր ընկերները Հայ ազգային կոնգրեսի հուլիսի 2-ին հրավիրած հանրահավաքից առաջ իրազեկող թռուցիկներ էին բաժանում և բարձրախոսով հայտնում սպասվող հանրահավաքի մասին։ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի տեղեկացմամբ իրազեկող խումբը հարձակման էր ենթարկվել մի խումբ անհայտ անձանց կողմից, որոնցից ոմանք՝ զինված փորձել էին խլել բարձրախոսը, իսկ մյուսները ծեծի էին ենթարկել երիտասարդներին։ Արդյունքում ՀԱԿ համակիրներից 3-ը՝ Տիգրան Առաքելյանը, Սահակ Մուրադյանն ու Հերբերտ Գևորգյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։ Ավելի ուշ Ոստիկանության լրատվական ծառայության տարած հաղորդագրությունը հաստատել էր տեղի ունեցած ծեծկռտուքի փաստը, սակայն միջադեպը ներկայացրել այլ կերպ.«ոստիկանության աշխատակիցները «ծառայություն կատարելիս նկատել են վիճաբանող շուրջ 60 քաղաքացիների, մոտենալով նրանց' ցույց են տվել ծառայողական վկայականները եւ պահանջել, որ դադարեցնեն վիճաբանությունը, սակայն հավաքվածները տեղեկանալով, որ նրանք ոստիկանության ծառայողներ են, հարձակվել են վերջիններիս վրա, փայտե մահակներով, ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել նրանց»։
Սակայն ՀԱկ ներկայացուցիչները պնդում են, որ քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր հարձակվել են իրազեկող խմբի վրա չեն ներկայացել որպես ոստիկանության աշխատակիցներ և ծաեծկռտուքը տեղի է ունեցել հենց իրենց նախաձեռնությամբ։ Նույնը պնդում են նաև դեպքին ականատես դարձած քաղաքացիները։
Առաքելյանի ձերբակալության կապակցությամբ երկուշաբթի օրը հայտարարությամբ է հանդես եկել Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական խորհուրդը, որով դատապարտել է տեղի ունեցածը և պահանջել անհապաղ ազատ արձակել իրենց ընկերոջը։«Վերջին մի քանի ամիսներին երիտասարդության դեմ սկսված արշավը ցույց է տալիս, որ իշխանությունների համար թիվ մեկ թիրախը դառնում է երիտասարդությունը, որն աչքի է ընկնում իր ազատատենչությամբ եւ ապօրինի ռեժիմի դեմ իր անզիջում պայքարով», - ասված է հայտարարությունում:
