Հերթական խոչընդոտը «Ժառանգության» պատգամավորների առջեւ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության, անդամ, ԱԺ պատգամավոր եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Հուլիսի 3-ից 8-ը Փարիզում տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին նախապատրաստվող «Ժառանգության» պատգամավորը անակնկալի է եկել, երբ պարզել է, որ իր անունը բացակայում է վեհաժողովին աշխատանքներին մասնակցելու մեկնող պատգամավորների թվում, իր համար չեն պատվիրվել ինքնաթիռի տոմսեր, նախատեսված չեն նաեւ հյուրանոցի եւ գործուղման ծախսեր, որոնք հատկացվում է ԱԺ նախագահի հրամանի հիման վրա: Մինչդեռ համապատասխան նախապատրաստական աշխատանքներ կատարվել են ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանի եւ Արմեն Մելիքյանի համար, ովքեր նույնպես պատվիրակության կազմում են:

Ստյոպա Սաֆարյանի նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի պարոն Աբրահամյան, առաջնորդվելով Ազգային Ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի է) ենթակետով վերապահված իրավասություններով, այն է' խորհրդակցելով ԱԺ խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի հետ' որոշվում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում ԱԺ պատվիրակությունների կազմը, ինչպես նաեւ' իա) ենթակետով, ԱԺ նախագահի կողմից չորրորդ գումարման խորհրդարանի ձեւավորումից անմիջապես հետո հաստատվում են բոլոր նման պատվիրակություններն ու բարեկամական խմբերը: Մասնավորապես ԱԺ նախագահի հրամանով ես' իբրեւ «Ժառանգություն» խմբակցության անդամ հաստատվել եմ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության կազմում, որի մեջ են մտնում նաեւ Արմեն Ռուստամյանը (Հայ Յեղափոխական Դաշնակցություն), Արա Բաբլոյանը (Հայաստանի Հանրապետական կուսակցություն), Հովհաննես Մարգարյանը (Օրինաց Երկիր), Արմեն Մելիքյանը (Բարգավաճ Հայաստան):

 Ս.թ. հուլիսի 3-8-ը Փարիզում տեղի է ունենալու Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստը, որին մասնակցելու իմ անվարան պատրաստակամության մասին դեռեւս մեկ շաբաթ առաջ հայտնել եմ ԱԺ աշխատակազմի ղեկավար պարոն Գեղամ Ղարիբջանյանին: Ի զարմանս ինձ' երբ այսօր դիմեցի ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչությանը (ի դեմս պետի) ինքնաթիռի տոմսերը եւ անհրաժեշտ փաստաթղթերը, զեկույցների նախագծերը ստանալու համար, պարզվեց, որ տոմսեր են պատվիրված պատվիրակության մյուս անդամների, բայց ոչ իմ համար: Հայտնի դարձավ նաեւ, որ իմ պատվիրակության քարտուղարը արդեն տեւական ժամանակ է, ինչ գտնվում է Ստրասբուրգում, որտեղից էլ մեկնելու է Փարիզ: Արարողակարգի վարչությունից նաեւ պարզաբանեցին, որ ինքնաթիռի տոմսերը պատվիրելիս եւ գնելիս իրենք առաջնորդվել են Ձեր կողմից տրված հրամանով, որտեղ բացակայում է իմ անուն ազգանունը: Խնդրում եմ պարզաբանել' ինչո՞վ է պայմանավորված Ձեր այդ քայլը: Ձեր գիտության համար' ազատ տիրապետում եմ ֆրանսերեն լեզվին, որն իմ առաջին եւ հիմնական օտար լեզուն է: Միաժամանակ ակնկալում եմ, որ արագ միջոցներ կձեռնարկեք առաջիկա երկու օրերի ընթացքում տոմսերը գնելու, գործուղման եւ հյուարոնցային ծախսեր հատկացնելու Ձեր հանձնարարականը իմ անուն ազգանունով համալրելու եւ արարողակարգի վարչության աշխատակիցների կողմից իմ համար տոմսեր գնելու կապակցությամբ, որպեսզի եւս կատարեմ իմ աշխատանքային պարտականությունները Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, ինչը համարվում է ԱԺ բնականոն գործունեության մի մասը»:

«Ժառանգություն» խմբակցություն