Օրակարգում միայն համաներման հարցն է

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է հունիսի 19-ին խորհրդարանի արտահերթ նստաշրջան գումարելու մասին որոշումը։ Հայաստանի նախագահի նախաձեռնությամբ գումարվող արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է միայն համաներման հարցը։

 Հունիսի 15-ին սպառվել է ժամկետը, ըստ որի համապատասխան գերատեսչությունները պետք է ներկայացնեին առաջարկություններ համաներման պայմանների և իրավական ընթացակարգերի վերաբերյալ։ Ըստ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Ֆարմանյանի այսօր՝  հունիսի 16-ին ամփոփվելու է համաներման անհրաժեշտության կապակցությամբ ստացված առաջարկությունները։

Երեքշաբթի օրը Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին։ Ըստ գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, գլխավոր դատախազը նշել է, որ ըստ ամենայնի, հնարավոր համաներումը կտարածվի նաեւ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ դատապարտվածներից շատերի վրա:

«Շոշափվել է մարտի 1-2-ին տեղի ունեցած անկարգություններին մասնակցելու, դրանք կազմակերպելու համար դատապարտված անձանց նկատմամբ հնարավոր համաներման կիրառմանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ըստ ամենայնի հնարավոր համաներումը կտարածվի նաեւ նշված արարքները կատարելու համար դատապարտված շատ անձանց վրա», ասված է հաղորդագրության մեջ։